Դատախազը հրաժարվեց սպանության փորձի մեղադրանքից. «Յուվեցի Կարոյի» փեսայի գործերը կարծես «աջ» են գնում
ОбществоԿենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վերնիսաժի գործով հերթական դատավարության ընթացքում մեղադրողը միջնորդություն ներկայացրեց նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսային՝ Գոռ Առաքելյանին, առաջադրված մեղադրանքը մեղմացնելու որոշման մասին:
Ըստ Գոռ Առաքելյանի փաստաբան Երեմ Սարգսյանի խոսքի` դատախազը հրաժարվեց սպանության փորձի մեղադրանքից՝ նշելով, որ այն չի հիմնավորվել և վերաորակվել է ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով և 113 հոդվածով՝ ծանր մարմնական և միջին ծանրության մարմնական վնասվածքներ հասցնելու հոդվածի հատկանիշներով:
Նկատենք, որ նիստի ընթացքում Գ. Առաքելյանի փաստաբան Երեմ Սարգսյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց նաև իր պաշտպանյալի նկատմամբ հոգեբանական-հոգեբուժական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ՝ պարզելու համար` արդյո՞ք միջադեպը տեղի ունենալու ժամանակ ամբաստանյալը գտնվել է աֆեկտի վիճակում, թե ոչ:
Նշենք, որ միջնորդության քննարկումը դատարանը հետաձգեց: Որոշումը կկայացվի հաջորդ դատական նիստի ընթացքում, որը տեղի կունենա մայիսի 19-ին:
Հիշեցնենք, որ 2014 թվականի մայիսի 17-ին մեքենայի ճանապարհը բացելու շուրջ Վալերի Հովհաննիսյանի և Ներսես Մելքոնյանի հետ առաջացած վիճաբանության արդյունքում ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան` Գոռ Առաքելյանը, մի քանի անգամ կրակել է, ինչի հետևանքով 5 անձ տարբեր հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նշենք, որ այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև Ներսես Մելքոնյանին և Վալերի Հովհաննիսյանին՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը):
Սոսե Չանդոյան