Ամատունի Վիրաբյանը Երկրորդ համաշխարհայինի արխիվները բացելու անհրաժեշտություն է տեսնում
ОбществоԵրկրորդ համաշխարհային պատերազմին վերաբերվող շատ փաստաթղթեր շարունակվում են գտնվել Մոսկվայի արխիվներում և մինչ այսօր չեն գաղտնազերծվել, մինչդես դրանց բացման անհրաժեշտությունը զգացվում է, քանի որ շատ են այդ տարիների չբացահայտված էջերը: Այս մասին մայիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:
«Հայրենական Մեծ պատերազմին մասնակցել է մոտ կես միլիոն հայ, որոնցից կեսը զոհվել են ռազմաճակատում: Սակայն մենք կարողացանք աշխարհին տալ չորս մարշալներ: Նաև ունեցել ենք 60 գեներալներ, ովքեր ռազմաճակատում ղեկավարել են կորպուսներ, դիվիզիաներ», - ընդգծեց Ամատունի Վիրաբյանը:
Նրա խոսքով՝ Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ Հայաստանը, որն ուներ երկու միլիոն բնակչություն, տվել է Խորհրդային Միության 100-ից ավելի հերոս: Նախկին Խորհրդային Միության ոչ մի ժողովուրդ չի ունեցել իր բնակչության և Երկրորդ համաշխարհային պատերազմում մասնակցած զինվորների նման հարաբերակցություն:
«Պատերազմը մնում է պատերազմ, և հաճախ ռազմաճակատում, թշնամու գնդակի տակ, ավելի հեշտ է եղել, քան թիկունքում: Ռազմաճակատում զինվորը ամեն օր ստանում էր իր կես կիլոգրամ հացի բաժինը, մսի բաժինը, օղին: Իսկ թիկունքում ժողովուրդը քաղցած էր, մարդիկ, նաև՝ կանայք, երեխաները և ծերերը աշխատում էին ռազմաճակատի համար: Մարդիկ պետք է կատարեին կաթի, հացի, բրդի արտադրության պլանը: Հայտնի են փաստեր, երբ մարդիկ չէին կարողանում լրացնել բրդի պլանը, ի պատասխան՝ նրանց անկողինները քանդել են, բուրդը միջից հանել տարել»,- ասաց Ամատունի Վիրաբյան ը:
Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի առիթով մայիսի 9-ին տոնական միջոցառումներ կանցկացվեն Երևանի «Հաղթանակ» զբոսայգում, որտեղ հարգանքի տուրք կմատուցվի «Անհայտ զինվորի» հիշատակին, տեղի կունենա զինվորական շքերթ և համերգային ծրագիր: Նույն օրը Հանրապետության հրապարակարում ևս կանցկացվի տոնական մեծ համերգ և հրավառություն՝ 70 համազարկով: Հայրենական Մեծ պատերազմի հայ վետերանների պատվիրակությունը կմասնակցի Հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ Մոսկվայում կայանալիք հանդիսավոր միջոցառումներին: