Բանակը և կրթությունը երկրի անվտանգությունն ապահովելու գործոններն են. Գալուստ Սահակյան
Общество
Երկրի անվտանգությունն ապահովելու ամենակարևոր երկու գործոնները բանակն ու կրթությունն են: Այս մասին մայիսի 9-ին ԱԺ նիստերի դահլիճում «Բոլոնյան համակարգի ապագան» խորագրով սեմինարի և Եվրոպական ուսանողական միության կառավարման խորհրդի 68-րդ համաժողովի մասնակիցների հետ հանդիպման ընթացքում, պատասխանելով երիտասարդների հարցերին, նշեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: ԱԺ նախագահը շեշտեց, որ այսօր մեր երկրի համար ստեղծվել է մի իրավիճակ, որ մեծ աշխա րհի հետ կապի ուղղակի ճանապարհներ չունենք:
«Մեր երիտասարդների մեծ մասն ընդգրկվում է բարձր տեխնոլոգիաների հետ կապված մասնագիտություններում, աշխարհի բարձրակարգ բուհերում ձեռք են բերում տնտեսագիտական և իրավական կրթություն: Դրան զուգահեռ՝ մենք փորձում ենք բարեփոխել մեր կրթական համակարգը»,- նշեց Գալուստ Սահակյանը:
ԱԺ նախագահը հավելեց, որ մյուս կողմից՝ 18-20 տարեկան երիտասարդ տղաները ծառայում են և պաշտպանում մեր հայրենիքի սահմանները: «Իսկ մեր սահմանային դիրքերում Ադրբեջանի կողմից ամենօրյա հարձակումներ են տեղի ունենում: Մեր երկրի անվտանգություննն այսօր պահպանում են երիտասարդները. անվտանգությունն ապահովելու համար երկու կարևոր գործոններից մեկը բանակն է, մյուսը կրթությունը»,-հավելեց նա:
«Բոլոնյան համակարգի ապագան» խորագրով սեմինարի եւ Եվրոպական ուսանողական միության կառավարման խորհրդի 68-րդ համաժողովի մասնակիցները մայիսի 9-ին այցելեցին ՀՀ ԱԺ և հանդիպեցին Գալուստ Սահակյանի հետ: Սեմինարը և համաժողովն անցկացվում են Երեւանում մայիսի 7-12-ը: Միջոցառումները կազմակերպել են Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիան (ՀՈՒԱԱ) եւ Եվրոպական ուսանողական միությունը (ԵՈւՄ): Երեւանում են համախմբվել Եվրոպական ուսանողական միության մոտ 40 ուսանողական ազգային միությունների ավելի քան 150 ներկայացուցիչներ: