Թաթուլ Կրպեյանի դուստրը շնորհավորել է Շուշիի ազատագրման տոնի հետ կապված
Общество
Այս օրը` Մայիսի 9-ը, հայ ժողովրդի համար փառահեղ ու հզոր օր է, քանի որ ոչ միայն Մոսկվայում, այլ նաեւ Արցախում մեծ շուքով նշվում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձը, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 23-ամյակը։
Հպարտ է հայը իր տեսակով, ոգով եւ դաստիարակությամբ: Դրա վառ ապացույցն է Արցախյան հերոսամարտի ժամանակ Հայրենիքի համար արյուն թափած հերոս տղաների գործը, որոնց շիրիմների եւ ոտքերի առաջ նոր սերունդն է խոնարհվում…
Orer.am-ն այսօր զրուցել է Արցախյան պատերազմի մասնակից, ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դստեր` Ասպրամ Կրպեյանի հետ, և իր ընթերցողներին է ներկայացնում վերջինիս խոսքը Շուշիի ազատագրմանի առթիվ.
ՙՄեծ հպարտությամբ եւ մեծ սիրով ուզում եմ շնորհավորել ողջ հայ ժողովրդին մայիսյան հաղթանակների և Շուշիի ազատագրման տոնի կապակցությամբ: Ինձ համար Արցախյան հերոսամարտը, և առանձնապես, Շուշիի ազատագրումն ուրույն խորհուրդ ունեն, քանի որ այն համարում եմ իմ մանկության քաղաքը: Մանկությանս մի փոքր հատվածն ապրելով Շուշիում, անմիջապես քաղաքի ազատագրվելուց հետո՝ շատ ջերմ հիշողություններ ունեմ, որոնց համար շնորհակալ եմ Շուշի քաղաքի ազատագրման փառահեղ գործողությանը մասնակցած բոլոր ազատամարտիկներին, ովքեր ազատագրեցին Շուշին եւ ապա Արցախը: Ուզում եմ, որ Ղազանչեցոցի սուրբ ներկայությունը միշտ լինի Շուշիում, քանի որ տարիներ շարունակ այդ փափագը մենք ունեցել ենք: Ես նաև հպարտ եմ մեր սահմանները աչալրջորեն հսկող զինվորների մարտական բարձր ոգու համար, որովհետև խրամատի ամրությամբ այսօր պաշտպանված են և Շուշին, և Արցախը և Հայաստանը:
Շնորհավորական խոսքից բացի՝ Ասպրամ Կրպեյանը մեծ հպարտությամբ կարեւորեց նաեւ հայ զինվորների դերը խաղաղության պահպանման եւ սահմանն ամուր պահելու համար. ՙՇնորհավորական ուղերձս հղելով մեր վետերաններին եւ մեր հաղթանակը կերտած բոլոր ազատամարտիկներին՝ ուզում եմ նաեւ հաղթանակի ակունքների մասին խոսել եւ նկատել հաղթանակը գնահատողներին:
Գիտեք, որ հայրս եւ նրա ընկերները եղան Շուշի տանող հաղթանակի հիմնաքարը դնողները: Նրանք կատարեցին առաջին քայլերը եւ ուրվագծեցին հաղթանակի ճանապարհը: Հաղթանակը փառահեղ էր, սակայն գրավված սահմանները ամուր պահել է հարկավոր: Այս համատեքստում ուզում եմ նշել, որ այսօր մենք ունենք հաղթանակը գնահատող սերունդ, Հայկական բանակի շարքերը համալրող զինվորներ, որոնք օրնիբուն պաշտպանում ու ապահովում են մեր խաղաղությունը: Մեր զինվորներին շնորհավորում եմ, քանի որ հաղթանակը ձեռք բերվեց ազատամարտիկների թանկ կյանքերի գնով, բայց այն արժեւորելը և պահպանելը ապրողներիս գործն է: Ուզում եմ, որ մեր սահմանները հսկող զինվորները այս փառավոր հաղթանակների օրերին էլ ավելի հպարտ ու հզոր իրենց զգան, որովհետեւ իրենք հաղթանակած ժողովրդի հաղթանակած սերունդն են, ազատագրված Հայրենիքի պաշտպանները: Թող որ խաղաղ երկինք լինի նրանց գլխավերեւում: Հուսով եմ, որ այդ բաղձալի օրը գալու է, երբ մենք միայն խաղաղ սահմաններ ենք հսկելու:
Սոսե Չանդոյան