Շուշին ազատագրելիս մենք խորամանկ եւ խելացի վարվեցինք. Գուրգեն Դալիբալթայան
ОбществоՎաղ առավոտյան ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ, Շուշիի ազատագրման «Հրազդան» ռազմագործողության համահեղինակ Գուրգեն Դալիբալթայանը նախ այցելել է Եռաբլուր, ապա եկել «Հաղթանակ» զբոսայգի: Ասում է` իր համար մայիսի 9-ը մեծագույն տոներից մեկն է, քանի որ հայ ժողովուրդը երկու անգամ կարողացել է ապացուցել, որ տիրապետում է ռազմարվեստի գաղտնիքներին եւ կարող է ամենավատ պայմաններում անգամ հաղթանակ կերտել:
«Իմ ամբողջ ընտանիքն է մասնակցել պատերազմին, նույնիսկ քույրս: Շատ դժվար էր, սակայն հայերը Հայրենական մեծ պատերազմում պատվով կատարեցին իրենց առջև դրված պարտականությունները»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասում է գեներալ-գնդապետը:
Այն ինչ տեղի ունեցավ Շուշիում, Դալիբալթայանն անվանում է մտքի հաղթանակ: «Ես ուրախ եմ, որ Շուշիի ազատագրումը տեղի ունեցավ հնարավորինս փոքրաթիվ մարդկային կորուստներով: Շուշին, կարծես, արծվաբույն լինի՝ բազմած վերևում, և մարտի ժամանակ շատ դժվար է վեր մագլցել, սակայն մենք կարողացանք կատարել մեր առջև դրած խնդիրը: Մենք կարողացանք մաքրել մեր հողերը: Իհարկե, պատերազմում ոչ մի բան հեշտ չի տրվում, բայց Շուշին ազատագրելը մեզ համար խնդիր չէր: Մենք խորամանկ և խելացի վարվեցինք, սկզբից մաքրեցինք մուտքերը, հետո անցանք բուն ազատագրման գործընթացին» ,- հավելելով, որ հաղթանակի հպարտ զգացողությունն իրեն կուղեկցի մինչև կյանքի վերջ:
Մայիսի 9-ին նշվում է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակը, Շուշիի ազատագրման 23-րդ տարեդարձը, նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը: ԼՂՀ պաշտպանության բանակը պաշտոնապես ստեղծվել է 1992թ. մայիսի 5-ին, որով միավորվել են դեռևս 1990թ. գործող անջատ ինքնապաշտպանական ռազմական միավորումները: Արցախի զինված ուժերում ծառայում են 20 հազար զինավարժ սպաներ և զինվորներ: