Թուրքիան գնալով մեկուսանում է
АналитикаԹուրքիայի հետ տարաձայնություններ ունեցող երկրների՝ Հունաստանի, Եգիպտոսի և Հունական Կիպրոսի ղեկավարները, եռակողմ հանդիպում են անցկացնում խթանելու անվտանգության, էներգետիկ և տնտեսական հարաբերությունները: Եռակողմ հանդիպումների այս ֆոնին Թուրքիան գնալով մեկուսանում է նրանցից:
Հունաստանի, Եգիպտոսի և Հունական Կիպրոսի ղեկավարների պարբերական հանդիպումների արդյունքում ձևավորվում է դաշինք, ինչը պետք է զգուշացնող ազդակ լինի Թուրքիայի համար: Վերլուծաբանների կարծիքով՝ Թուրքիայի թերի արտաքին քաղաքականությունը տարածաշրջանում նպաստում է հակառակորդ երկրների նոր ընկերության ձևավորմանը և Թուրքիայի հետագա մեկուսացմանը:
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի Հունական Կիպրոս կատարած այցի ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել խորհրդակցություններ սկսել Եգիպտոսի և Հունական Կիպրոսի միջև Միջերկրական ծովի արելյան հատվածում ծովային սահմաններ հաստատելու վերաբերյալ: Ցիպրասի փոխանցմամբ՝ ծովային սահմանները խիստ անհրաժեշտ բնույթ են կրում և դրանք կսահմանվի այն վայրում, որտեղ կարիք չի լինի երրորդ պետության կարծիքի հետ հաշվի նստել: http://www.reuters.com/article/2015/04/29/us-greece-maritime-energy-idUSKBN0NK1EH20150429
Կողմերը համաձայնել են նաև ընդլայնել տարածաշրջանային համագործակցությունը՝ միջազգային ահաբեկչության դրսևորումներով պայմանավորված անվտանգության միջավայրի վատացման համատեքստում:
Դեռ ավելին, երեք կողմերը աշխատում են Հունական Կիպրոսից Եգիպտոսի միջոցով բնական գազի մատակարարման ուղղությամբ: Այդ կապակցությամբ, Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ այդ ուղղությամբ գազ մատակարարելը իրագործելի տարբերակ չէ: Նրա կարծիքով՝ եվրոպական շուկաներ գազի մատակարարման լավագույն տարբերակը կլինի Թուրքիայի միջոցով:
Թուրքիայից «նեղացած» երկրների շարքին է միացել նաև Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը (ՀԿԹՀ):
ՀԿԹՀ նորընտիր նախագահ Մուսթաֆա Աքընջը, ով հաղթանակ է տարել ընտրությունների երկրորդ փուլում՝ հավաքելով քվեների 60%-ը, ելույթ է ունեցել Թուրքիայի և ՀԿԹՀ պետությունների միջև հավասար հարաբերությունների, և ոչ թե ավագ ու կրտսեր եղբոր կարգավիճակի օգտին: Հայտարարությունը խիստ քննադատության էր արժանացել Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից: Նա Աքընջին հորդորել է հետևել իր բառերին՝ հիշեցնելով թուրք կիպրոսցիներին, որ Թուրքիան այն հայրենիքն է, որը միշտ պատասխանատու է իր «երեխաների» համար:
Հավելենք, որ Աքընջին հայտնի է էթնիկապես մասնատված Կիպրոսի խնդրին լուծում տալու իր դիրքորոշմամբ և իր տարած համոզիչ հաղթանակը պետք է որ Թուրքիայի համար սթափեցնող ազդակ լինի, մասնավորապես այն համատեքստում, երբ Հունական Կիպրոսը մասնակցում է Թուրքիայի հանդեպ թշնամաբար տրամադրված երկրների դաշինքի ձևավորմանը: http://www.todayszaman.com/diplomacy_egypt-greece-greek-cyprus-form-alliance-isolate-turkey-further_379884.html
Էրդողան-Աքընջ բանավեճը Թուրքիայի խնդիրներին ավելացրեց ևս մեկը, ինչի հետևանքով Թուրքիան գնալով մեկուսանում է տարածաշրջանից:
Հասմիկ Այվազյան