Մայր Աթոռը ևս իրավական պայքար կսկսի Թուրքիայից կալվածքներ հետ ստանալու նպատակով
ОбществоՄայր Աթոռ Սուրբ Էջմիածինը նույնպես կարող է Թուրքիայից պահանջել վերադարձնել եկեղեցուց բռնազավթված սեփականությունը:
Այս մասին «Ամերիկայի ձայն»-ին տված բացառիկ հարցազրույցում հայտնել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը` նշելով, որ ներկայում դատական հայցի հիմնավորման վրա աշխատում են իրավաբաններն ու պատմաբանները:
Հիշեցնելով, որ Հայ առաքելական եկեղեցու Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսարանը, ինչպես նաև Պոլսի և Երուսաղեմի Հայոց պատրիարքություններն արդեն իսկ դատական հայց են ներկայացրել` Թուրքիայի իշխանություններից պահանջելով վերադարձնել իրենց սեփականությունը, Վեհափառ հայրապետը նշել է, որ Մայր Աթոռը նույնպես կարող է նման հայց ներկայացնել: «Սա դրական է այն առումով, որ մենք հավատում ենք, որ այս խնդրի բարձրաձայնումը պիտի հասանելի դառնա ավելի լայն շրջանակների Թուրքիայի ազգաբնակչության շրջանում, որոնք իրենց հերթին իրենց ձայնը պիտի բարձրացնեն` դատապա րտելու դարասկզբին գործված Ցեղասպանությունը և նաև պահանջելու, որպեսզի Թուրքիան ինքը դատապարտի, ճանաչի Հայոց ցեղասպանությունը և նաև արձագանքի մեր ժողովրդի պահանջատիրությանը: Մենք հավատում ենք, որ Թուրքիան այլընտրանք չունի, քան առերեսվելու իր պատմությանը, ճանաչելու և դատապարտելու Հայոց ցեղասպանությունը և արդարությունը վերականգնելու մեր ժողովրդի նկատմամբ»,- նշել է Գարեգին Երկրորդը: Նա հավելեց, որ արդեն իսկ տրվել են համապատասխան հանձնարարականներ, որպեսզի ուսումնասիրվեն համապատասխան կալվածքներին առնչվող փաստաթղթերը:
«Սա գործընթաց է, որ բավականին ջանք ու եռանդ է պահանջում` արխիվային փաստաթղթերն ուսումնասիրելու, դրանք վեր հանելու և համապատասխան իրավաբանական ձևակերպումներով հիմնավոր կերպով Թուրքիայի դատական ատյաններին դատական հայցեր ներկայացնելու համար»,- ասել է Ամենայն հայոց կաթողիկոսը: