Սոցցանցերում պաշտոնական էջերի առկայությունն ԱԳՆ գործունեությունն ավելի հրապարակային է դարձրել. Էդվարդ Նալբանդյան
ОбществоՀՀ ԱԳՆ-ն պետական գերատեսչություններից առաջինն էր, որը պաշտոնական էջեր բացեց «Facebook»-ում եւ «Twitter-ում, ինչը ըստ ՀՀ ԱԳ ղեկավարի, ԱԳՆ գործունեությունն առավել հրապարակային դարձրեց:
«Արտակարգ գործընթացներում արագ արձագանքն ու քաղաքացիների հարցերին անհապաղ պատասխանելը մեր օրերում դիվանագիտական ծառայության առաջնային պարտականություններից են դարձել։ Լայնորեն օգտվելով տեղեկատվական տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններից՝ մենք միաժամանակ պետք է հաշվի առնենք մեզ հասանելի տեղեկության զգայունությունը եւ միջազգային հարաբերությունների ու մարդկային ճակատագրերի վրա մեր արած հայտարարությունների հնարավոր ազդեցությունը»,- «Էլեկտրոնային դիվանագիտություն. հեռանկարներ եւ մարտահրավերներ» միջազգային գիտաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։
ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարի գնահատմամբ, էլեկտրոնային դիվանագիտությունը հարթակ է ստեղծում իրենց նպատակների արդյունավետ իրականացման համար, ինչպես նաեւ գերատեսչությանն առավել հաշվետու է դարձնում հանրությանը:
«ՀՀ ԱԳՆ-ն ակտիվորեն օգտվում է էլեկտրոնային դիվանագիտության հնարավորություններից, եւ այդ առումով մենք որոշակի հաջողություններ ենք գրանցել. բացի ԱԳՆ պաշտոնական կայքից, որը գործում է 4 լեզվով, ԱԳՆ-ն ակտիվ է նաեւ սոցցանցերում։ Դեռեւս 2008թ. ՀՀ ԱԳՆ-ն առաջինն էր պետական գերատեսչություններից, որ YouTube-ում պաշտոնական ալիք բացեց` իր գործունեության մասին տեսանյութեր տեղադրելով»,- նշեց Նալբանդյանը՝ հավելելով, թե այս կոնֆերանսն էլ վկայում է, որ Հայաստանի դիվանագիտական դպրոցը եւ նրա գործընկերները ընտրել են այն թեման, որը մեծ հետաքր քրություն է ներկայացնում դիվանագիտության եւ միջազգային հարաբերությունների ոլորտում ներգրավված շատ մարդկանց համար:
«Էլեկտրոնային դիվանագիտություն. հեռանկարներ եւ մարտահրավերներ» երկօրյա համաժողովին մասնակցում են ավելի քան յոթ տասնյակ մասնակից շուրջ քսանհինգ երկրից՝ դիվանագիտական կրթության հաստատությունների, համալսարանների, արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչներ, Հայաստանում և այլ երկրներում հավատարմագրված դեսպաններ և դիվանագետներ: Համաժողովի ընթացքում զեկուցումներով հանդես կգան և քննարկումներին իրենց մասնակցությունը կբերեն արտաքին քաղաքական գերատեսչությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, դիվանագիտական հեղինակավոր ուսումնական հաստատությունների ղեկավարներ, միջազգային համբավ ունեցող գիտնականներ, Հայաստանում և այլ երկրներում հավատարմագրված դեսպաններ, Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների, պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներ, օրենսդիրներ: Գիտաժողովն ընթանալու է չորս աշխատանքային նիստերով. «Տեղեկատվության և հաղորդակցության կառավարումը դիվանագետների համար. հնարավորություններ և ռիսկեր», «Դիվանագիտություն և վիրտուալ իրականություն. միջոցներ և պրակտիկա», «Երկրների փորձառությունը փոփոխություններին հարմարվելու և դրանց ազդեցությունը գնահատելու հարցում», «Դիվանագիտական դպրոցներ և էլեկտրոնային դիվանագիտություն. լավագույն փորձառություններ»: