«Արտ Ֆեստ»-ը մեկնարկեց «Մեկ թագավորի թատրոն» ներկայացմամբ
Общество«Մեկ տանիքի ներքո» արվեստի տարբեր ճյուղերն ամփոփող «Արտ Ֆեստ» երիտասարդական հանրապետական երրորդ բաց փառատոնը մեկնարկեց: Մայիսի 11-ին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում «Մեկ թագավորի թատրոն» ներկայացմամբ ազդարավեց մեկ ամիս տևող փառատոնի բացումը: «Արտ Ֆեստ»-ն արդեն երրորդ անգամ տոն է կազմակերպում բազմաթիվ երիտասարդների համար:
ԵԹԿՊԻ ռեկտոր, «Արտ Ֆեստ» փառատոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը փառատոնին ընդառաջ լրագրողների հետ զրույցում նշեց, որ կարևորում է փառատոնի անցկացումը:
«Տարեցտարի հետաքրքրությունը փառատոնի նկատմամբ աճում է: Այն միավորում է տարբեր մշակութային բուհերում սովորող ուսանողներին: Մենք ուզում ենք, որ միմյանց հանդիպեն երաժիշտները, նկարիչները, դերասանները և կարողանան սկսել իրենց կենսագրությունը»,- նշեց Դավիթ Մուրադյանը:
ԵԹԿՊԻ ռեկտորը ընդգծեց, որ «Արտ Ֆեստ»-ի միջոցով պետք է հնարավորություն տալ, որ երիտասարդներն ինքնաբացահայտվեն և ինքնադրսևորվեն:
«Շատ կարևոր է այն, որ երիտասարդներն իրենց ուժերով ներկայացում բեմադրեն, բոլորը մեկտեղվեն և ստեղծագործական աշխատանք կատարեն: Մեր նպատակը սկսնակ մարդուն հնարավորություն տալն է, որևէ մեկին շնորհք նվիրել չենք կարող, բայց օգնել կարող ենք»,-հավելեց Դավիթ Մուրադյանը: Նրա խոսքով՝ իրենք փորձելու են տեսնել, թե ինչպիսին է Հայաստանի ապագան:
«Արտ Ֆեստ»-ի տնօրեն Էրիկ Բարսեղյանն էլ նշեց, որ փառատոնը տարբերվում է իր ձևաչափով, քանի որ ընդգրկում է արվեստի մի քանի ճյուղ:
«Բոլոր մշակութային բուհերն են մասնակցում: Այս տարի մասնակիցների աննախադեպ աճ կա՝ 350 երիտասարդ է մասնակցում: Ակտիվ են բոլոր ոլորտներում: Ուրախալի է, որ շատ ակտիվ մասնակցում են նաև մարզերը: Մենք այս տարի իրականացնելու ենք նաև վավերագրական ֆիլմերի դասընթաց, և ժյուրիի ընտրած լավագույն ֆիլմերը մրցանակներ կստանան»,- նշեց նա: Էրիկ Բարսեղյանի խոսքով՝ այս մեկ ամսվա ընթացքում տարբեր վայրերում կազմակերպվելու են տարբեր միջոցառումներ:
«Երեք տարի կարողանում ենք համախմբել երիտասարդներին, և դրանից հետո ծնվում են նոր գաղափարներ»,- նկատեց Էրիկ Բարսեղյանը;
Հայաստանի գրողների միության անդամ, «Մեկ թագավորի թատրոն» պիեսի հեղինակ Աստղիկ Սիմոնյանն ուրախությամբ ընդգծեց, որ փառատոնի բացման համար ընտրվել է հենց իր ստեղծագործությունը:
«Արտավազդ արքայի պատմությունն է՝ իմ մեկնաբանությամբ, հրատարակվել է նաև առանձին գրքով»,- հայտնեց նա՝ հավելելով, որ ներկայացման մեջ ներգրավված են տարբեր կուրսերի երիտասարդներ:
ՀՀ մշակույթի նախարարությունը, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը՝ կարևորելով երիտասարդ արվեստագետների ստեղծագործական ներուժը, ինքնադրսևորվելու անհրաժեշտությունը, մայրաքաղաք-մարզեր միջմշակութային համագործակցութունը, կազմակերպում են ամենամյա «Արտ Ֆեստ» երիտասարդական հանրապետական երրորդ բաց փառատոնը՝ «Մեկ տանիքի ներքո» խորագրով։ Մայիսի 11-ից հունիսի 11-ը մայրաքաղաքային և մարզային մշակութային կրթօջախները, անհատ ստեղծագործ երիտասարդները փառատոնի շրջանակում կներկայացնեն արվեստի հետևյալ տեսակները՝ թատ երական արվեստ, կինոարվեստ, երգարվեստ, դիզայն և դեկորատիվ կիրառական արվեստ, կերպարվեստ՝ գեղանկարչություն, լուսանկարչություն, գրաֆիկա, քանդակագործություն։
«Արտ Ֆեստ»-ի նպատակն է խթանել երիտասարդական ստեղծագործական մթնոլորտի զարգացումը, ընդլայնելու մասնագիտական համագործակության շրջանակը, փորձի փոխանակման արդյունքում կատարելագործելու երիտասարդ արվեստագետների մասնագիտական հմտությունները, բացահայտելու նոր անուններ և տարվա ստեղծագործական ձեռքբերումները:
Փառատոնը ներկայացուցչական-մրցութային բնույթի է, որին մասնակցում են 16-35 տարեկան անհատներ և ստեղծագործական խմբեր: Մասնագիտական հանձնախումբը ցուցադրությունները դիտելուց հետո որոշում է մրցանակակիրներին, հանդես գալիս խորհրդատվական կարծիքով և մրցանակաբաշխության օրը հանձնում մրցանակները։ «Արտ Ֆեստ» փառատոնի աջակիցն է Երևանի քաղաքապետարանը:
«Արմենպրես»-ը փառատոնի ինֆորմացիոն հովանավորներից է: