ՎԶԵԲ-ի նախագահը ՀՀ-ում տնտեսական առաջընթացը կապում է ՌԴ տնտեսության վիճակի հետ
ОбществоՎերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից Հայաստանի տնտեսական իրավիճակի վերաբերյալ առաջիկա կանխատեսումը կախված կլինի նրանից, թե ինչ վիճակում կլինի Ռուսաստանի տնտեսությունը: Այս մասին Երևանում լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՎԶԵԲ-ի նախագահ Սումա Չակրաբարտին՝ պատասխանելով հարցին, թե ՎԶԵԲ-ը ի՞նչ կանխատեսում ունի այս տարի Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ: «Այդ առումով Հայաստանի տնտեսությունը չի տարբերվում Հարավային Կովկասի այլ երկրների, ինչպե ս նաև Կենտրոնական Ասիայի երկրների տնտեսություններից: Ռուսաստանի տնտեսության անկումը, ռուսական ազգային արժույթի տատանումները շատ մեծ ազդեցություն են ունեցել վերը նշված բոլոր պետությունների վրա, և այս առումով Հայաստանը բացառություն չէ»,- ընդգծեց Չակրաբարտին:
Նրա խոսքով՝ ՎԶԵԲ-ը կարող է ընդլայնել ներդրումները Հայաստանում, որովհետև դրանց կարիքը կա: «Երբ տնտեսությունները ճգնաժամ են ապրում, ապա առաջանում է միջազգային կազմակերպությունների միջամտության անհրաժեշտությունը: Երբ Հայաստանի տնտեսությունը սկսի ավելի լավ ցուցանիշներ գրանցել, այդ միջամտության անհրաժեշտությունը չի վերանա, այլ անհրաժեշտ կլինի ներդրումային միջավայրն էլ ավելի բարելավելու համար»,- ընդգծեց նա:
Հարցին, թե ՎԶԵԲ-ն այս տարի որքան տնտեսական աճ է կանխատեսում Հայաստանում, Չակրաբարտին խորհուրդ տվեց սպասել, երբ այդ կանխատեսումը պաշտոնապես կհրապարակվի: Նա հայտնեց, որ այն կհրապարակվի չորեքշաբթի՝ կոչ անելով սպասել մինչ այդ օրը: Նա , սակայն, նկատեց, որ իր կանխատեսումը տարածաշրջանի երկրների համար այնքան էլ դրական չէ, քանի որ Ռուսաստանի տնտեսությունն այնքան էլ լավ վիճակում չէ և վերականգման կարիք ունի: