ՎԶԵԲ-ը պատրաստակամ է ներդումներ կատարել ՀՀ-ի էներգախնայողության ոլորտում
ОбществоՎերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսն անդրադարձել է Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր բարձրացման ազդեցությանը երկրի տնտեսության վրա: Նա ընդգծեց, որ ՎԶԵԲ-ը պատրաստակամ է ներդումներ կատարել Հայաստանի էնենգախնայողության ոլորտում: Երևանում լրագրողների հետ հանդիպմանը Դեյվիսը նշեց, որ էլեկտրաէներգիայի սակագինը հաշվարկվում է հստակ մեթոդաբանությամբ և բանաձևով, և հիմնական գործոններն են ազգային արժույթի փոխարժեքը և լրացուցիչ ծախսերը: Նա հույս հայտնեց, որ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սակագինը որոշելու ժամանակ հավատարիմ կմնա այդ մեթոդաբանությանը: «Միևնույն ժամանակ, շատ կարևոր է, որպեսզի համապատասխան միջամտություններ և աշխատանքներ իրականացվեն բնակչության խոցելի խավերին հնարավոր դժվարություններից պաշտպանելու համար: Հայաստանը պետք է շարունակի ներդրումներ կատարել իր էներգահամակարգում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Դեյվիսը:
Նա շեշտեց, որ էներգետիկ ոլորտում ներդրումներ իրականացնելու համար Հայաստանը պետք է ներգրավի նաև մասնավոր հատվածին, և այդ դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել նաև սակագնային քաղաքականությունը: «Մենք հաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ մասնավոր հատվածի հետ մեկտեղ ներդրումներ կատարել էներգախնայողության ոլորտում»,- ասաց ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը:
Հարցին, թե Հայաստանում էկեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը չի՞ ազդելու երկրի տնտեսութան մրցունակության վրա, պատասխանեց Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Հարավ-Արևելյան Եվրոպայի, Միջին Ասիայի, Թուրքիայի և Կովկասյան երկրների նորանշանակ գլխավոր տնօրեն Ֆրանսիս Մալիժը: Նա ընդգծեց, որ տնտեսության մրցունակ լինելու միակ եղանակը կայուն մրցունակության ձևավորումն է, ինչն առաջանում է ներդրուներից՝ ոչ միայն էներգետիկ ոլորտում, այլ ընդհանուր տնտեսության մեջ: «Դա է պատճառը, որ մենք առանձնահատուկ շեշտադրում ենք կատարում ներդրումային միջավայրի վրա: Հայաստանի տնտեսությունն առավել մրցունակ է դարձնելու հենց բարվոք ներդրումային միջավայրը: Ասեմ, որ ավելի շատ ներդրումներն էլ իրենց հերթին բերում են ավելի շատ աշխատատեղեր և ավելի բարձր վարձատրությամբ աշխատանքներ: Սա է մարդկանց աղքատությունից դուրս բերելու միակ եղանակը. դա կարող է դժվար լինել, ջանքեր պահանջել, սակայն ամենակենսունակ եղանակն է»,- եզրափակեց Մալիժը: