Արարատի մարզում նվազել է հրդեհների թիվը
ОбществоԱյս տարվա առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության ստորաբաժանումների կողմից արտակարգ դեպքերի հետեւանքների վերացման համար իրականացվել է 257 ելք, 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ դրանց թիվն աճել է 35-ով: Մարզում հիշյալ ժամանակահատվածում գրանցված 70 տեխնածին բնույթի արտակարգ դեպքերից 61-ը հրդեհի դեպքերն են:
Ինչպես տեղեկացրեց Արարատի մարզային փրկարարական վարչության պետ փ/ծ գնդապետ Մուրադ Մարգարյանը, այս տարվա առաջին եռամսյակում հրդեհների դեպքերը 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ մարզում նվազել են 32-ով` հասնելով 61-ի: Դրանք տեղի են ունեցել քաղաքացիներին պատկանող տարածքներում, այրվել է գույք կամ կուտակված անասնակեր: Հրդեհների հետեւանքով հաշվետու ժամանակահատվածում զոհվել են չորս մարդ, վիրավորներ չեն եղել:
Մարզում հրդեհներից առաջացած նյութական վնասն այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում կազմել է 24 034 000 դրամ: 2014 թվականի նույն ժամանակահատվածում հրդեհների հասցրած վնասը կազմել է 24 140 675 դրամ:
Լիլիթ Մաճկալյան