Սպառազինության առումով Հայաստանը պահպանում է հավասարակշռությունը
ОбществоՀայկական զինուժը հետեւում է այն գործընթացներին, որ տեղի են ունենում հարեւան պետություններում մասնավորապես սպառազինության ձեռք բերման առնչությամբ: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի փոխանցմամբ, զինված ուժերը սպառազինության հետ կապված տեղեկություններ ստանալուն զուգահեռ փորձում են համապատասխան աշխատանքով պահել այդ հավասարակշռությունը: «Այսօր զինված ուժե րի հավասարակշտության եւ նոր սպառազինության ու ռազմական տեխնիկայի ձեռքբերման, բարոյահոգեբանական մակարդակի եւ որակական պատրաստվածության շնորհիվ ուժերի հավասարակշռությունը պահպանվում է»,- ասաց նախարարը` հավելելով, որ Ադրբեջանի կողմից Ռուսաստանից սպառազինություն գնելու հարցն, իհարկե, մտահոգում է ՀՀ ՊՆ-ին, սակայն սահմանին կանգնած զինվորը գիտի մեկ բան. ցանկացած սպառազինության օգտագործման պարագայում կարող է հակահարված տալ:
«Ռուսական զենքի հայտնվելն Ադրբեջանում, իհարկե, մեզ մտահոգում է: Դա յուրաքանչյուր սուվերեն պետության խնդիրն է: Կարծում եմ, որ ՌԴ ղեկավարությունը այդ ամենի հետ մեկտեղ վերահսկելի վիճակում է պահում մեր տարածաշրջանն ու հարեւաններին, մանավանդ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները բարձր մակարդակի վրա են հատկապես ռազմատեխնիկական համագործակցության առումով: Սահմանին կանգնած ոչ մի զինվոր հոգեբական ընկճվածություն չունի»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Նախարար Օհանյանը մայիսի 12-ին աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ, եղել առաջնագծում: