ՄԻԵԴ-ի վճիռները կատարելու համար կառավարությունը կհատկացնի 160 հազար եվրո
ОбществоԿառավարությունը պետական բյուջեից ՀՀ արդարադատության նախարարությանը 160 հազար եվրո կհատկացնի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներն անվերապահորեն կատարելու համար: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության մայիսի 14-ի նիստի օրակարգում:
Վճռի կատարման պարտադիր հիմնական պայմաններից մեկն է դիմումատուի խախտված իրավունքների համար ՄԻԵԴ-ի կողմից սահմանված արդարացի փոխհատուցման գումարի վճարումը:
«Համաձայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Ղարիբյանը և այլոք ընդդեմ Հայաստանի» թիվ 19940/05, «Բաղդասարյանը և Զարիկյանն ընդդեմ Հայաստանի» թիվ 43242/05, «Ղասաբյանը և այլոք ընդդեմ Հայաստանի» թիվ 23566/05 գանգատներով 2014 թվականի նոյեմբերի 13-ի վճիռների` Հայաստանի Հանրապետությունը դիմումատուներին պարտավոր է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում վճարել 160 հազար եվրոյին համարժեք Հայաստանի Հանրապետության դրամ: Դրանից 52 հազար եվրոն կհատկացվի «Ղարիբյանը և այլոք ընդդեմ Հայաստանի» վճռով սահմանված փոխհատուցման համար, 44 հազարը՝ «Բաղդասարյանը և Զարիկյանցն ընդդեմ Հայաստանի» վճռով սահմանված փոխհատուցման, 64 հազարը՝ «Ղասաբյանը և այլոք ընդդեմ Հայաստանի» վճռով սահմանված արդարացի փոխհատուցման համար:
Նշված գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներն օրինական ուժի մեջ են մտել 2015 թվականի փետրվարի 13-ին, հետևաբար, վճռի պահանջների կատարման վերջնաժամկետը 2015 թվականի մայիսի 13-ն է»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ: