Ահազանգ Ալավերդիից. քաղաքապետի ընտրություններում դպրոցների տնօրեններից պահանջում են աջակցել մարզպետի առաջարկած թեկնածուին
ОбществоՀունիսի 7-ին Հայաստանի մի շարք համայնքերում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների և համայքների ղեկավարների ընտրություններ: Այս օրերին ՀՀ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները ավարտում են թեկնածուներին գրանցելու գործընթացը:
Ինչպես տեղեկացնում է Hetq.am-ը, երեկ թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը գրանցեց հունիսի 7-ին կայանալիք Ալավերդու քաղաքապետի ընտրություններին առաջադրված քաղաքապետի երկու թեկնածուների` Արթուր Աբգարյանի և Կարեն Փարեմուզյանի թեկնածությունները: Առաջադրված երկու թեկնածուներն էլ անկուսակցական են:
Ըստ Times.am-ի տեղեկությունների, Ալավերդու համայնքի ղեկավարի ընտրություններում թեժ պայքար է սպասվում: Չնայած այն հանգամանքին, որ Կ. Փարեմուզյանը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հովանավորյալն է ու վայելում է վերջինիս աջակցությունը, այնուամենայնիվ ակնհայտ է, որ վերջիններս ընտրությունների արդյունքերի հետ կապված մտավախություններ ունեն: Այսպես, ըստ մեր տեղեկությունների, Կարեն Փարեմուզյանի կողմնակիցներն արդեն անցել են իշխանական լծակներ կիրառելու քաղաքականությանը:
Ինչպես հայտնի է դարձել Times.am-ին, երեկ՝ մայիսի 11-ին, Լոռու մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանն իր մոտ է հրավիրվել Ալավերդի քաղաքաի դպրոցների տնօրեններին և պահանջել, որպեսզի վերջիններս պատրաստեն և իրեն ներկայացնեն ուսուցիչների և աշակերտների ծնողների այն ցուցակները, որոնք պետք է քվեարկեն Փարեմուզյանի օգտին: Հանդիպման մասնակից տնօրեններից մեկը, ով ցանկացավ իր անունը գաղտնի մնա, մեր կայքի թղթակցի հետ զրույցում ասել է, որ պահանջը դրվել է շատ հստակ: Նրա խոսքերի համաձայն, Սայադյանը անգամ ժամկետներ է նշել, թե երբ պետք է պատրաստվեն այդ ցուցակները:
Տեղեկատվության իսկությունը ճշտելու համար Times.am-ի թղթակիցը կապ է հաստատել Լոռու մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանի հետ. Վերջինս մեզ հետ զրույցում հաստատել է նախօրեին Ալավերդիի դպրոցների տնօրենների հետ տեղի ունեցած հանդիպման փաստը, բայց նշել է, որ ընտրություններին վերաբերվող որևէ հարց հանդիպման ընթացքում չի քննարկվել:
«Ես չգիտեմ ինֆորմացիան ձեզ որտեղից է եկել: Ես իրոք դպրոցների հետ հանդիպել եմ և ոչ միայն իրենց հետ. Մի ամիս դպրոցներում տեսչական ստուգումներ են անցել: Ես պարբերաբար հանդիպումներ եմ կազմակերպում միայն դպրոցին առնչվող հարցերի հետ կապված: Ընտրությունների հետ կապված խնդիր ես նրանց հետ չեմ քննարկում», - ասել է պաշտոնյան՝ ավելացնելով, որ վաղն էլ հանդիպելու է Վանաձորի «5-6 դպրոցների տմօրեններ հետ»: Սայադյանը տեղեկացրեց, որ մայիսի 22-ին կայանալիք Վերջին զանգի միջոցառումներիհետ կապված առաջիկայում նոր հանդիպումներ կունենա տարբեր համայքների դպրոցների տնօրենների հետ:
Times.am-ի ճշտող այն հարցին, թե ինչպե՞ս է մարզպետարանը պատրաստվում զերծ պահել դպրոցները քաղաքական հնարավոր ազդեցությունից, Մինաս Սայադյանը պատասխանեց, որ մինչ այս պահը նման ահազանգներ չեն ստացել, խնդիրը նկատելու պարագայում՝ կարձագանքեն:
Ալավերդու բնակիչները, սակայն, խոսում են, որ դպրոցների առնվազն երկու տնօրեն արդեն սկսել են քարոզչություն իրականացնել իրենց ղեկավարած կրթօջախներում՝ պահանջելով ուսուցիչներից իրենց ձայնը տալ Կարեն Փարեմուզյանին:
Times.am-ը շարունակելու է հետևել դեպքերի զարգացմանը՝ պարերաբար տեղեկություններհաղորդելով Ալավերդիում և ՀՀ այլ համայնքներում անցկացվող ՏԻՄ ընտրությունների մասին: