Արտաշատի տարածաշրջանում գրանցվել է 64 ԱՁ
ОбществоԱրարատի մարզի Արտաշատի տարածաշրջանում այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում գրանցվել են 64 անհատ ձեռնարկատեր /ԱՁ/, լուծարվել են 59-ը: Գրանցվել է յոթ իրավաբանական անձ /ՍՊԸ/: Արտաշատի տարածաշրջանի զբաղվածության կենտրոնում գրանցված գործազուրկների թիվն այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ 1477 մարդ է, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելացել է 592 մարդով:
Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեց «Զբաղվածություն պետական ծառայություն» գործակալության Արտաշատի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Վաչիկ Ավետիսյանը, կենտրոնի միջոցով աշխատանք փնտրող քաղաքացիների թիվը կազմում է 1515: Նրանց թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել է 577-ով:
Զբաղվածության կենտրոնն իրականացվող ծրագրերի միջոցով ակտիվորեն մասնակցում է զբաղվածության ապահովման գործընթացին. «Ձեռք բերած մասնագիտությամբ աշխատանքնային փորձ ձեռք բերելու համար գործազուրկներին աջակցության տրամադրման» ծրագիր է իրականացվել երեք բուժքրոջ, մեկական մանկաբարձի եւ հոգեբանի համար` Ազատավանի, Շահումյանի, Բուրաստանի, Վերին Արտաշատի բուժամբուլատորիաներում եւ Արարատի պետական քոլեջում: Եւս երկու ծրագիր է իրականացվել աշխատաշուկայում անմրցունակ անձանց համար: Այլ վայր` Աբովյան աշխատանքի է գործուղվել պոլիեթիլենային հաստոցների կարգավորող մեկ մասնագետ:
Ավետիսյանի փոխանցմամբ, 2015 թվականի առաջին եռամսյակում Կենտրոնի կողմից իրականացված պասիվ ծրագրերով գործազրկության նպաստ է ստացել երկու մարդ` 90 948 դրամ ընդհանուր գումարով: Համաձայն օրենքի փոփոխության, դրանով էլ ավարտվել է գործազրկության նպաստի վճարումը:
Անդրադառնալով կենտրոնի կողմից իրականացվող նոր ակտիվ ծրագրերին՝ Ավետիսյանն ընդգծեց, որ դրանք աշխատանք փնտրողներին հնարավորություն կտան ավելի պաշտպանված եւ ապահով զգալ: «Կենտրոնի կողմից կիրառվող ակտիվ ծրագրերը ուղղված են հենց շահառուների խնդիրների լուծման հեշտացմանը` լինի դա մասնագիտական փորձ ձեռք բերելը, հաշմանդամություն ունեցող անձին աշխատանքի տեղավորելը, թե նրանց փոքր ձեռնարկատիրական գործունեության աջակցության տրամադրումը եւ այլն»,-ասաց նա: Խոսելով աշխատաշուկայի կառավարմանմասին՝ Ավետիսյանը նկատեց, որ շատ կարեւոր խնդիրներից է նաեւ համագործակցության իրականացումը տարբեր շահագրգիրռ անձանց եւ կազմակերպությունների հետ, ինչպես նաեւ միջազգային նշանակության հարաբերությունների հաստատումը:
Լիլիթ Մաճկալյան