Ինչի՞ համար է պետք կնքված լինել
ОбществоՎերջերս Սուրբ Աստվածածին եկեղեցում Տեր Նշան Քահանայի օրհնությամբ կնքվեց 83-ամյա Սայաթ պապը: Ինչպես ամեն կիրակի, նա գնացել էր եկեղեցի՝ պատարագի մասնակցելու: Սակայն մեր եկեղեցու կանոնների համաձայն` սուրբ հաղորդության խորհուրդը ճաշակել կարող է նա, ով մկրտված է: Տեր Նշանը հորդորեց Սայաթ պապին մկրտվել, և 83 տարեկանում նա վերածնվեց, քանզի ցանկացած տարիքում մկրտվողին երեխա են անվանում, որովհետև նոր է ծնվում: Մկրտությունը հոգևոր ծնունդ է: Մկրտվողն իր առաջին քայլերն է սկսում այդ կյանքում:
Մկրտությունը քրիստոնեական եկեղեցու գլխավոր խորհուրդներից մեկն է: Ըստ Հայ Առաքելական Եկեղեցու՝ այս խորհրդի միջոցով մկրտվողը վերստին ծնվում է հոգով, սրբվում է մեղքերից, դառնում է քրիստոնյա և Աստծո որդի:
Տեր Շահե Քահանա Հայրապետի խոսքերով` Ս. Հոգին պարգևվում է մկրտության ժամանակ, երբ քահանան դրոշմում է մկրտվողի ճակատը, աչքերը և բոլոր զգայարանները Սուրբ Մյուռոնով: Եվ սա է նշանակում ծնունդ ջրից և հոգուց: Սուրբ Հոգով մկրտությունը երևելի և զգալի նշաններով չի լինում: Սուրբ Հոգով մկրտությունը մկրտված դառնալու և դրանով արդարանալու համար չէ: Իսկ մի՞թե Աստված վրեժխնդիր է մեզ մեր մեղքերի համար: Աստված մեղավորի մահը չի կամենում, այլ նրա դառնալը չար ճանապարհից և ապրելը:
Իսկ այն հարցին, թե արդյո՞ք քրիստոնիայի համար պարտադիր է մկրտությունը, չմկրտված մարդը կարո՞ղ է պաս պահել, հաղորդություն ստանալ, հաճախել եկեղեցի, Տեր Շահե Քահանա Հայրապետը նշեց.
«Մկրտությունը մարդու առջև ոչ թե արգելքներ է դնում, այլ հնարավորություն և կարողություն է տալիս` Աստծո արքայություն մտնելու: Սա նշանակում է, որ դուք պետք է անհրաժեշտ համարեք մկրտությունը ձեր անձի փրկության համար: Դուք կարող եք պահք պահել, եկեղեցի գնալ, սակայն հաղորդվել չեք կարող, քանզի մկրտված չեք: Ուստի՝ մկրտությունը մի հետաձգեք»:
Արուսիկ Տիգրանյան