Հայաստանում ամփոփվել են հայ և թուրք ձեռներեցների մասնակցությամբ նախագծի արդյունքները
ОбществоՀայաստանից ու Թուրքիայից սկսնակ ձեռներեցների մասնակցությամբ չորս ամիս տևած «Տեխնոլոգիաներ առանց սահմանների» նախգիծը Երևանում ամփոփել է արդյունքները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում նախագծի կազմակերպիչները ներկայացրել են այս ընթացքում կատարած աշխատանքն ու դրա արդյունքները, ինչպես նաև հայտարարել հաղթող թիմին: Նախագիծը համաֆինանսավորում է ստացել Եվրամիության կողմից:
Ծրագրի իրականացնող կազմակերպություններից մեկի` Հանրային լրագրության ակումբի նախագահ Սեդա Մուրադյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ իրենց գործընկերոջ` Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի (ՏԵՊԱՎ) հետ համագործակցության սկզբնական շրջանում աշխատանքներ են տարել մի գաղափարի վրա, որը նպատակ ուներ կամրջելու Հայաստանի և Թուրքիայի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները: Դրան հաջորդել են երկու երկրների ձեռներեցների փոխայցելությունները Հայաստան և Թուրքիա: «Նոյեմբերին մենք Հայաստանում հյուրը նկալեցինք 30 հոգուց բաղկացած պատվիրակություն Թուրքիայից: Կայացավ Հայաստան-Թուրքիա start-up weekend-ը: Դա Թուրքիայի ՏՀՏ ոլորտը ներակայացնող առաջին և ամենամեծ պատվիրակության այցն էր Հայաստան: Այցի յուրահատկությունը կայանում էր նաև նրանում, որ նման նախաձեռնությանը մասնակցում էին այնպիսի երկրների ներկայացուցիչներ, որոնք ունեն փակ սահմաններ»,- նշեց Սեդա Մուրադյանը: Նա պատմեց նաև, որ Թուրքիայից ժամանած իրենց գործընկերներին հիացրել էին Հայաստանի կրթական ոլորտում առկա նախաձեռնությունները, մասնավորապես նորարար կենտրոնների առկայությունը, ռոբոտաշինությունը և այլն: Ավելին, նրանք ցանկություն էին հայտնել նմանօրինակ պրակտիկան կիրառել հենց Թուրքիայում: «Թեպետ բոլորը ձգտում են դեպի Սիլիկոնյան հովիտ, բայց ես ներքին համոզվածություն ունեմ, որ մենք էլ այստեղ կարող ենք ստեղծել մեր Արարատյան հովիտը»,- նշեց Սեդա Մուրադյանը:
ՏԵՊԱՎ ներկայացուցիչ Ջանսու Սարաքն իր խոսքում նշեց, որ մեծ նշանակություն է տալիս իրականացված ծրագրին: «Մենք հավատում ենք, որ բիզնես ոլորտում հարաբերությունների և կապերի ամրապնդումը կարող է նպաստել երկրու երկրների միջև հարաբերությունների բարելավմանը»,- ասաց նա:
Մամուլի ասուլիսի ավարտին հայտարարվեց հաղթող թիմի անունը: Հայերից և թուրքերից բաղկացած յոթ հոգանոց ժյուրիի որոշմամբ` հաղթող ճանաչվեց թուրքական «Էվրեկա» թիմը` աղբահավաքման օպտիմալացմանը նվիրված նախագիծ առաջ քաշելու համար: Թիմին ծրագրի իրականացման համար կտրամադրվի 4 հազար ԱՄՆ դոլար ֆինանսական աջակցություն:
Մրցանակներ հանձնվեցին նաև «Լավագույն ներկայացում», «Ամենաիրատեսական գաղափար», «Լավագույն տեխնոլոգիական լուծում» անվանակարգերում: