Վայոց ձորում տեղի ունեցած ՃՏՊ-ի գործով վարորդին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
ОбществоՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` 2 անձի մահվան պատճառ հանդիսացած ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու դեպքի առթիվ: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2015 թվականի մայիսի 9-ին` ժամը 17:30-ի սահմաններում, Վայոց ձո րի մարզի բնակիչ Ա. Պետրոսյանն իր «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 134.5-րդ կիլոմետրում դուրս է եկել հանդիպակաց ուղեմաս և բախվել դեպի Մեղրի ուղևորվող Վայքի բնակիչ Կ. Սողոմոնյանի վարած «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենային:
Վթարի հետևանքով «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայի ուղևորուհի Լ. Նիկողոսյանը և «Ֆոլկսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Կ. Ազոյանը հիվանդանոցում մահացել են։ Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, մյուս ուղևոր Դ. Գևորգյանը և «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Կ. Սողոմոնյանը։
Նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով։ Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել են դեպքի վայրի և տրանսպորտային միջոցների զննություններ, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ:
2 անձի մահվան պատճառ հանդիսացած, ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու կասկածանքով «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Պետրոսյանը մայիսի 10-ին ձերբակալվել է: Վերջինիս սթափությունը որոշելու համար նույն օրը նրանից վերցվել է արյան փորձանմուշ և նշանակվել դատակենսաբանական փորձաքննություն:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա մայիսի 13-ին Ա. Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով, միջնորդություն է ներկայացվել դատարան նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքների բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։