Արաքս Մանսուրյանն արժանացել է Երևանի կոնսերվատորիայի պատվավոր պրոֆեսորի կոչման
КультураՀանրահայտ օպերային երգչուհի Արաքս Մանսուրյանը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պատվավոր պրոֆեսորի կոչմանն է արժանացել: Կոչումը շնորհվել է վոկալ արվեստի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար: «Արմենպրես» լրատվական գործակալության աշխատակիցների հետ մայիսի 13-ին կայացած ոչ ֆորմալ հանդիպման ընթացքում այս մասին տեղեկացրեց երգչուհին:
Անմիջական մթնոլորտում անցկացված զրույցի ընթացքում Արաքս Մանսուրյանը խոսեց երաժշտության, իր անցած ուղու և գործունեության մասին, ինչպես նաև խորհուրդներ տվեց երիտասարդներին:
Օպերային երգչուհի Արաքս Մանսուրյանը ծնվել է 1946 թ. Բեյրութում: Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի քույրն է: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, ընդունվել է Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան, որտեղ չորս տարի սովորելուց հետո, ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա: Եղել է շատ հեղինակների գործերի առաջին կատարողը: Բազմիցս ելույթներ է ունեցել պրոֆեսոր Ռ.Աթայանի նվագակցությամբ` լինելով կոմիտասյան մի շարք երգերի առաջին մեկնաբանողը, նաև առաջին և միակ կատարողը Կոմիտասի անավարտ «Անուշ» օպերայի: 1974թ. ավարտել է կոնսերվ ատորիան և ընդունվել Հայաստանի օպերայի և բալետի պետական թատրոն` որպես մեներգչուհի: Երգել է մի շարք դերերգեր: Բազմիցս մենահամերգներ է ունեցել Հայաստանում և արտասահմանյան մի շարք երկրներում` ծրագրում եվրոպական երգահանների կողքին ունենալով Կոմիտաս, հոգևոր միջնադարյան երգեր, հայ երգահանների ստեղծագործություններ: Բնակվում է Ավսրտրալիայի Սիդնեյ քաղաքում և «Սիդնեյ Օպերա Հաուս»-ի մենակատարն է: Զուգահեռ դասավանդում է Սիդնեյի կոնսերվատորիայում` օտարզգիներին ծանոթացնելով հայկական երգարվեստի հետ: