Սերգո Կարապետյանը կարևորում է կաթի արտահանման ծավալների ավելացման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը
ОбществоՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մայիսի 13-ին հանդիպել է կաթ վերամշակող ընկերությունների ներկայացուցիչներին՝ ոլորտի ընթացիկ խնդիրները քննարկելու նպատակով: Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալներ Գրիշա Բաղիյանը, Ռոբերտ Մակարյանը, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը, ոլորտի այլ պատասխանատուներ:
«Այսօր մենք պետք է քայլեր ձեռնարկենք կաթի արտադրության և արտահանման ծավալների ավելացման ուղղությամբ: Իսկ դա հնարավոր է իրականացնել միայն համատեղ ջանքերի, ինչպես նաև միավորված ու համակարգված աշխատանքի շնորհիվ»,-իր խոսքում նշել է նախարարը:
Խորհրդակցության ընթացքում, մասնավորապես, անդրադարձ է կատարվել կաթի մթերման գների կարգավորման խնդրին` կարևորելով վերամշակող ընկերությունների կողմից կաթի ընդունման միասնական գների սահմանման անհրաժեշտությունը: Նախարարը հորդորել է վերամշակող ընկերություններին մինչև հունիսի 1-ը, այն է`արոտային պահվածքի անցնելը, պահպանել մթերման գործող գները: Նախարարը նաև հորդորել է հանդիպման մասնակիցներին դիվերսիֆիկացնել իրենց ընկերությունների արտադրանքի` մասնավորապես պանրի տեսականին, որը կարող է մեծ պահանջարկ ունենալ Եվրասիական տնտեսական միության տարածքում:
Անդրադառնալով ոլորտի այլ խնդիրներին` նախարարը, մասնավորապես, մատնանշել է գյուղատնտեսական կոոպերատիվների հետ սերտ համագործակցության և արտադրանքի որակի բարձրացման նպատակով նորագույն տեխնոլոգիաների ներդրման կարևորությունը:
Խորհրդակցության ավարտին նախարարը հանձնարարել է փոխնախարարներին մեկշաբաթյա ժամկետում ընկերությունների հետ քննարկել կաթի մթերման գներին և արտահանմանն առնչվող հարցերը, այդ թվում` նախարարությանը շաբաթական կտրվածքով տեղեկատվություն տրամադրել կաթի գների, պարտքերի և մթերման ծավալների վերաբերյալ: