Բելառուսի Հանրապետությունը դարձավ Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի անդամ
ОбществоԲելառուսի Հանրապետությունը մայիսի 14-ին դարձավ Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի անդամ: Որոշումը կայացվեց Երևանում մեկնարկած Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթնաժողովի և Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումի շրջանակներում: Բելառուսը դարձավ կառույցի 48-րդ անդամը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը մասնակից պատվիրակությունների անդամներին առաջարկեց հիմնվել քննարկումների վրա և որոշում կայացնել:
«Բելառուսը վաղուց է դիմել անդամակցության համար: Մենք պետք է ուշադիր հետևենք բելառուսական կողմի պարտականությունների կատարմանն անդամակցությունից հետո»,- փոխանցմամբ՝ ասաց Արմեն Աշոտյանը:
Աշոտյանը հարցրեց՝ կա՞, արդյոք, անձ, ով դեմ է Բելառուսի անդամակցությանը: Ընդամենը մեկ՝ Նորվեգիայի պատվիրակությունն էր դեմ անդամակցությանը:
Իսլանդիայի կրթության, գիտության և մշակույթի նախարար Իլուգի Գունարսոնն էլ ընդգծեց, որ շատ ուշադիր պետք է հետևեն, թե ինչ է տեղի ունենալու առաջիկա տարիներին Բելառուսում:
«Կարևոր է իմանալ, որ նրանք ընդունում են ակադեմիական ազատությունը: Ես աջակցում եմ անդամակցությանը, սակայն ես իմ կասկածներն ունեմ և պետք է համոզվեմ, որ ճանապարհային քարտեզն իրականացվում է»,-հավելեց նա:
Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթնաժողովին և Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումին մասնակցում են 52 ազգային, 31 միջազգային կազմակերպությունների պատվիրակություններ, 20 երկրների կրթության նախարարներ: Միջոցառումն անցկացվում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Բոլոնիայի գործընթացի առանցքային նպատակներից է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի ստեղծումը, որը կոչված է խթանելու Եվրոպական բարձրագույն կրթական համակարգի մրցունակությունը և գրավչությունը, ինչպես նաև ուսանողների շարժունությունն ու աշխատանքի հնարավորությունները:
Բոլոնիայի գործընթացն ընդգրկում է 47 եվրոպական երկիր, 10 խորհրդատու կազմակերպություն և այլ գործընկեր կազմակերպություններ: Բոլոնիայի գործընթացի հիմնական բաղադրիչներն են` եռաստիճան կրթական համակարգ, որակավորումների շրջանակ, կրեդիտների կուտակման և փոխաÕ �ցման համակարգ, դիպլոմի հավելված, որակի ապահովում, փոխճանաչում, համատեղ աստիճանների հավատագրման եվրոպական մոտեցում: