ԵԲԿՏ նախարարական գագաթնաժողովը և Բոլոնիայի քաղաքականության ֆորումն ավարտվեցին Երևանի կոմյունիկեի քննարկումները
ОбществоԵվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթնաժողովի և Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումի շրջանակում քննարկվեց Երևանի կոմյունիկեն: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շնորհակալություն հայտնեց քննարկման մասնակից բոլոր պատվիրակություններին:
«Կոմյունիկեն իսկապես տեղին փաստաթուղթ է, նաև շատ գործնական է և հավակնոտ: Այն շատ կարևոր է` կրթության համակարգի ներառականությունը հաշվի առնելով, քանի որ մենք մեծ նշանակություն ենք տալիս առանձնահատուկ կարիքներով մարդկանց ներգրավմանը կրթական ոլորտ: Հայաստանի՝ Բոլոնիայի քարտուղարության նիստը վարելու էստաֆետը հեշտությամբ է տրվել մեզ, և ես էլ իմ հերթին կցանկանայի, որ հաջորդ փոխանցումներն այսքան անցավ լինեն»,- նշեց Արմեն Աշոտյանը:
Նախարարը նաև շնորհակալություն հայտնեց այն ջերմ խոսքերի համար, որոնք հնչում էին Հայաստանի հասցեին՝ միջոցառումները լավ կազմակերպելու համար: Փաստաթուղթը որոշակի փոփոխություններ կկրի և վերջնական տարբերակը հասանելի կլինի մայիսի 15-ին:
Երևանում անցկացվում է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթնաժողովը և Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումը: Բոլոնիայի գործընթացի առանցքային նպատակներից է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի ստեղծումը, որը կոչված է խթանելու Եվրոպական բարձրագույն կրթական համակարգի մրցունակությունը և գրավչությունը, ինչպես նաև ուսանողների շարժունությունն ու աշխատանքի հնարավորությունները:
Բոլոնիայի գործընթացն ընդգրկում է 48 եվրոպական երկիր, 10 խորհրդատու կազմակերպություն և այլ գործընկեր կազմակերպություններ: Բոլոնիայի գործընթացի հիմնական բաղադրիչներն են` եռաստիճան կրթական համակարգ, որակավորումների շրջանակ, կրեդիտների կուտակման և փոխանցման համակարգ, դիպլոմի հավելված, որակի ապահովում, փոխճանաչում, համատեղ աստիճանների հավատագրման եվրոպական մոտեցում: