Ռուսները զայրացել են
АналитикаՈչ պաշտոնական մակարդակով Ռուսաստանը փորձում է Հայաստանին ինչ-որ բան հասկացնել: Այս գործն ստանձնել է ռուսական ոչ պաշտոնական լրահոսը, որը վերջին շրջանում քննադատական հոդվածաշարեր է տպագրում, ջանալով կարծիք ձևավորել, թե հայաստանյան նոր սերունդը խիստ արևմտամետ է: Մեղադրանքն ուղղված է առաջին հերթին ռուսներին, քանի որ Հայաստանում ռուսական կառույցները վատ են աշխատում և ԱՄՆ-ի հետ «պայքարում» տանուլ են տալիս: Ավելին, նրանք բացահայտ մեղադրում են հայաստանյան ՀԿ-ներին «գրանտակեր» լինելու մեջ, որոնք շատ ակտիվ ԱՄՆ-ի փողերով են աշխատում: Ռուսները նաև վստահեցնում են, որ Արևմուտքը լուրջ ֆինանսական հոսքեր է ուղղում Հայաստան, որպեսզի մեծացնի իր ներգրավվածությունը և թուլացնի ռուսական ազդեցությունը:
Մեր տեղեկություններով, առաջիկայում ռուսները, ամենայն հավանականությամբ, Հայաստանի իշխանությունների առջև լուրջ հարց են դնելու` այնպես անել, որ ԱՄՆ-ն այլևս չֆինանսավորի տեղի կառույցները: Ի դեպ, այս համատեքստում հիշարժան է ոչ վաղ անցյալում ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի բուռն արձագանք ստացած դիտարկումը: «Վստահ եմ, որ Ռուսաստանը պետք է ավելի ակտիվորեն հայտարարի Հայաստանի տեղեկատվական դաշտում իր ներկայության մասին: Այս հարցում որևէ կասկած չկա: Սակայն պետք է նաև այլ մեթոդներով չեզոքացնել Հայաստանում գործող այն հասարակական կազմակերպությունները, որոնք ցանկանում են սեպ խրել ռուս-հայկական հարաբերություններում: Ռուսաստանում, օրինակ, օրենք է ընդունվել, որը շատ հստակ կարգավորում է ՀԿ-ների գործունեությունը»,- ասել էր դեսպանը: Փաստորեն, ռուսները վերստին հաստատում են իրենց այս մտադրությունը, այս անգամ արդեն՝ հստակ գործողություններով:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ