Համալսարանների դերը վերջին տասնամյակում թերագնահատվել է. Արմեն Աշոտյան
ОбществоՀամալսարանների դերը վերջին տասնամյակում թերագնահատվել է: Այս մասին Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթնաժողովի և Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումի ընթացքում նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
«Համալսարանները լուսավորության կենտրոններ են: Մենք պետք է փորձենք կրճատել բյուրոկրատական մոտեցումները, կենտրոնանանք պրակտիկայի ավելացման վրա: Պետք է ավելի լավ պայմաններ ապահովենք երիտասարդ գիտաշխատողների համար, խթանենք ուսանողակենտրոն կրթությունը, աշխատաշուկա-կրթական ոլորտ կապը սերտացնենք, թիրախային աջակցություն տրամադրենք այն երկրներին, որոնք օգնության կարիք ունեն: Բարձրակարգ կրթությունը պետք է լինի բարձրորակ և մատչելի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ընգդծեց նախարարը:
Արմեն Աշոտյանն ընդգծեց պետական ներդրումների կարևորությունը կրթության ոլորտում և ուսանողակենտրոն ուսումնառության անհրաժեշտությունը:
«Մեր երեկվա քննարկումը փակվեց մի հոյակապ մեջբերմամբ՝ եթե մենք ցանկանում ենք գտնել հարցի պատասխանը, թե ինչ տեսակ կրթության կարիք ունենք, պետք է հասկանանք` ինչ տեսակ հասարակություն ենք ուզում ունենալ»,-նշեց նա:
Բոլոնիայի գործընթացի առանցքային նպատակներից է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի ստեղծումը, որը կոչված է խթանելու Եվրոպական բարձրագույն կրթական համակարգի մրցունակությունը և գրավչությունը, ինչպես նաև ուսանողների շարժունությունն ու աշխատանքի հնարավորությունները: Բոլոնիայի գործընթացն ընդգրկում է 47 եվրոպական երկիր, 10 խորհրդատու կազմակերպություն և այլ գործընկեր կազմակերպություններ: Բոլոնիայի գործընթացի հիմնական բաղադրիչներն են եռաստիճան կրթական համակարգը, որակավորումների շրջանակը, կրեդիտների կուտակման և փոխանց ման համակարգը, դիպլոմի հավելվածը, որակի ապահովումը, փոխճանաչումը, համատեղ աստիճանների հավատագրման եվրոպական մոտեցումը: