Ֆինանսական աջակցություն՝ մարզային տնտեսությանը. դրական միտու՞մ, թե հերթական իմիտացիա
АналитикаԿառավարությունը 450 մլն դրամի ֆինանսական աջակցություն կցուցաբերի Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկային: Այս մասին հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը Լոռու մարզ մայիսի 14-ին աշխատանքային այցի ժամանակ, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից:
Իտալական Sartis ընկերության հետ համագործակցող ֆաբրիկան տարեկան Իտալիա և Գերմանիա է արտահանում շուրջ 700 հազար բաճկոն: Այժմ աշխատանքներ են տարվում իտալական Dizel ընկերության հետ համատեղ բարձրորակ ջինսերի արտադրություն կազմակերպելու համար: «Գլորիա»-ում աշխատում է 1300 մարդ:
Տարիներ շարունակ անտարբերության ու պետական միջոցների անխնա մսխման պայմաններում մարզերում գործարար կյանքը ուղղակի կաթվածահար է եղել: Պետությունը իր միջոցները տնտեսության մեջ ներդնելու փոխարեն տարբեր խորհրդատվական ծառայությունների և այլ փող լվանալու խողովակների միջոցով ուղղակի մսխել ու գողացել է: Տարիներ շարունակ տարբեր մակարդակներում, տարբեր փորձագիտական շրջանակներում ուղղակի աղաղակում էին, որ այդ գումարները պետք է ուղղվեն գործարար դաշտ, հատկապես մարզեր, որտեղ բիզնեսը անկում է ապրում և մեռնում է տնտեսությունը:
Մարզերում գործարարների հետ հանդիպման մեկնած Հովիկ Աբրահամյանը հասկացե՞լ է այդ հրամայականը. դժվար է ասել: Սակայն խիստ մտավախություն ունեմ, որ այս դրական տենդենցը՝ ֆինանսավորել մարզային բիզնեսը, չի շարունակվի: Ամեն լավ բան Հայաստանում կարճ կյանք է ունենում:
Չնայած այս իշխանություններից որևէ լավ բան սպասել հնարավոր չէ՝ հուսով եմ, որ տնտեսության աղետալի գահավիժման պայմաններում նրանք ուշքի են եկել և փորձում են կենդանացնել օրեցոր դատարկվող մարզերի տնտեսությունները:
Ինձ համար, անկեղծ ասած, որևէ նշանակություն չունի, թե մարզային գործարարներին օգնելու միտումից որ անձերը կամ անհատները կօգտվեն: Ի վերջո, ես չգիտեմ, թե ում է պատկանում «Գլորիան», դա բացարձասկ անհետաքրքիր է, սակայն այնտեղ 1300 մարդ է աշխատում՝ այդքան ընտանիքի համար լուծելով առնվազն օրվա հացի խնդիր: Ումն է, ում հետ է կապված՝ այս դեպքում որևէ նշանակություն չունի:
Ուշի ուշով կհետևենք գործընթացի հետագա ճակատագրին:
Վարուժան Բաբաջանյան