Ըստ ստորագրված նոր համաձայնագրի՝ Հայ-ռուսական համալսարանը ստանում է գիտահետազոտական համալսարանի կարգավիճակ
ОбществоԻնչպես արդեն տեղեկացրել էինք, մայիսի 14-15-ը Երևանում Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի ու Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի շրջանակում ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հանդիպում է ունեցել ՌԴ կրթության և գիտության նախարար Դմիտրի Լիվանովի հետ:
Ողջունելով հյուրին՝ ԿԳ նախարարը շնորհակալություն է հայտնել ռուսաստանցի պաշտոնակցին հրավերն ընդունելու համար:
Արմեն Աշոտյանը Դմիտրի Լիվանովի հետ զրույցի ժամանակ նշել է, որ հայ-ռուսական կրթական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա:
Նա նաեւ հավելել է, որ Բոլոնիայի գործընթացը լրացուցիչ առիթ է երկկողմ հարաբերությունների զարգացման և ամրապնդման համար՝ ինչպես Եվրոպական կրթական տարածքում ընդգրկված երկրների, այնպես էլ երկկողմ հարաբերությունների ձևաչափով:
Աշոտյանը նաեւ տեղեկացրել է, որ Երևանում բացվել է Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղը: «Շատ կարևոր է, որ հումանիտար ոլորտում հայ-ռուսական երկկողմ հարաբերությունները նպաստեն երկու պետությունների քաղաքացիների շահերի սպասարկմանը». ընդգծել է Ա. Աշոտյանը՝ շեշտելով, որ Դմիտրի Լիվանովի հետ նախորդ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ ՌԴ դպրոցներում հայերենի դասավանդման վերաբերյալ:
Իր հերթին ՌԴ նախարարը, շնորհակալություն հայտնելով Ա. Աշոտյանին ջերմ ընդունելությոն համար, ընդգծել է, որ Բոլոնիայի երևանյան նախարարական գագաթաժողովը կազմակերպված է բարձր մակարդակով: «Հայաստանը և Ռուսաստանը պատմականորեն ռազմավարական բարեկամներ են, և կարծում եմ` այդպես կլինի նաև ապագայում». շեշտել է Դ. Լիվանովը:
Նշենք, որ հանդիպման ընթացքում կողմերը ստորագրել են համաձայնագիր՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև՝ Երևան քաղաքում Հայ-ռուսական /Սլավոնական/ համալսարանի գործունեության պայմանների մասին: Կողմերը հույս են հայտնել, որ նոր համաձայնագիրը կնպաստի Հայ-ռուսական /Սլավոնական/ համալսարանի գործունեության բերալավմանը և խթան կհանդիսանա, որ բուհը գրավիչ դառնա ոչ միայն ՀՀ, այլ նաև օտարերկրյա ուսանողների համար:
Ըստ ստորագրված նոր համաձայնագրի՝ Հայ-ռուսական համալսարանը ստանում է գիտահետազոտական համալսարանի կարգավիճակ: Մասնավորապես, ամրագրված է, որ համալսարանի հիմնական խնդիրներից է Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը համապատասխան հաստատած դաշնային պետական կրթական չափորոշիչներին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան հաստատած պետական կրթական չափորոշիչներին և ազգային–տարածաշրջանային բաղադրիչներին համապատասխան հիմնական մասնագիտական կրթական ծառայությունների մատուցումը, ինչպես նաև լրացուցիչ կրթական ծրագրերի և գիտական-նորարարական գործունեության իրականացումը: Սովորողների պահանջմունքները բավարարելու նպատակով համալսարանը առանձին հիմնական մասնագիտական կրթական ծրագրերով կարող է իրականացնել ուսուցում օտար լեզուներով` կողմերի օրենսդրություններին համապատասխան: Համալսարանի լիցենզավորումը և կրթական գործունեության պետական հավատարմագրումն իրականացվում են երկու պետությունների օրենսդրություններին համապատասխան: Համաձայնագրով նախատեսվում է հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում երկու պետությունների աջակցությամբ կատարել տեխնիկական վերազինում՝ ստեղծելով ժամանակի պահաջներին համահունչ լաբորատորիաներ:
Սոսե Չանդոյան