Կարճաղբյուրցիները հավանություն տվեցին Սեւանա լճում ձկնաբուծական նոր տնտեսության հիմնմանը
ОбществоԳեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում կայացավ հանրային քննարկում՝ նվիրված «Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ի կողմից ներկայացված փորձնական մոդելային ցանցավանդակային տնտեսության ծրագրի նախնական գնահատմանը: Այն նախաձեռնել էին ծրագիրն իրականացնող կողմերը՝ «Սեւանի իշխան» ԲԲԸ-ն եւ «Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ը:
Ինչպես տեղեկացրեց Գավառի «Օրհուս» բնապահպանական տեղեկատվական կենտրոնի համակարգող Լիանա Ասոյանը, հանրային քննարկմանը մասնակցում էին Կարճաղբյուրի գյուղապետ Տարոն Քոչարյանը, «Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ի տնօրեն Ա. Աղաջանյանը, «Սեւանի իշխան» ՓԲԸ տնօրեն Էդվարդ Գեւորգյանը, ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ գլխավոր մասնագետ Հ. Մկրտչյանը, Կարճաղբյուր համայնքի բնակիչներ:
«Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ի տնօրեն Ա. Աղաջանյանի, «Սեւանի իշխան» ՓԲԸ տնօրեն Էդվարդ Գեւորգյանի, ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ գլխավոր մասնագետ Հ. Մկրտչյանի հավաստիացումների համաձայն՝ Սեւանա լճում ցանցավանդակային տնտեսության ստեղծումը հիմնվում է բացառապես միջազգային փորձի եւ ստանդարտների վրա, էականորեն բացասական ազդեցություն չի թողնելու Սեւանի էկոհամակարգի վրա, գործընթացները լինելու են վերահսկելի եւ կառավարելի:
Ցանցավանդակային եղանակով բուծվելու են միայն իշխան ձկան «գեղարքունի» եւ «ամառային բախտակ» տեսակները: Ցանցավանդակներն ունենալու են 25 մետր տրամագիծ եւ մինչեւ 14 մետր խորություն: Ապրանքային ձկան տարեկան արտադրությունը կհասնի մինչեւ 600 տոննայի: Մայրական վտառն այժմ ձեւավորվում է Շորժայի փորձարարական ցանցավանդակային տնտեսությունում: 2016 թվականին «Սեւանի իշխան» ԲԲԸ կողմից Սեւանա լիճ բաց կթողնվի մանրաձկան առաջին խմբաքանակը:
«Սեւանի իշխան» ԲԲԸ տնօրենը պարզաբանեց նաեւ, որ Կարճաղբյուրում կառուցվող ձկնաբուծարանում, ուր պահպանվելու է իշխանի մայրական կազմը եւ աճեցվելու է մանրաձուկը, ինչպես նաեւ արդյունագործական նշանակության ձկան վերամշակման գործարարնում բացվելու է մինչեւ 300 աշխատատեղ: Բացի այդ, ընկերությունը համայնքում պարտավորվում է իրականացնել սոցիալ-տնտեսական եւ կենսական կարեւորության մի շարք ծրագրեր:
Պարզաբանումների արդյունքում՝ քննարկմանը մասնակից Կարճաղբյուր համայնքի բնակիչները հավանություն տվեցին «Սեւանա լճում իշխանի պաշարների վերականգնման եւ ցանցավանդակային ձկնաբուծության զարգացման» ծրագրին:
Խոսրով Խլղաթյան