Կոմիտասի թանգարան-ինստիտուտն առաջին անգամ միացավ «Թանգարանների գիշեր» միջոցառմանը
ОбществоԿոմիտասի թանգարան-ինստիտուտն այս տարի առաջին անգամ միացավ «Թանգարանների գիշեր» միջոցառմանը: Մեկ տարին դեռևս չբոլորած մշակութային օջախը համաեվրոպական իրադարձության ընթացքում թանգարանասերների դատին ներկայացավ տարաբնույթ միջոցառումներով: Թանգարան-ինստիտուտը մայիսի 16-ի երեկոյան այցելուների պակաս չուներ: Միջոցառումներին մասնակցեց նաև ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
«Արդեն իսկ հանրության կողմից մեծ հետաքրքրություն է զգացվում: Բազում և հագեցած ծրագրերով՝ երաժշտական միջոցառումներով, դասախոսություններով, ցուցադրություններով ենք մասնակցում: Բավական պատասխանատու է, քանի որ առաջին անգամ ենք մասնակցում միջոցառմանը»,-«Արմենպրես» -ի հետ զրույցում նշեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը: Նրա խոսքով՝ այցելուները շատ են, և ողջունելի է, որ նաև երեխաներ են եկել թանգարան:
Թանգարան-ինստիտուտում անցկացված միջոցառումների գագաթնակետը Ռուբեն Գալչյանի «Հայացք Հայաստանի պատմությանը քարտեզագրական փաստաթղթերի միջոցով» ցուցադրությունն էր, որում ներկայացված էին տարաբնույթ քարտեզներ: Ռուբեն Գալչյանն ընդգծեց, որ այս ցուցահանդեսի մտահղացումը նրան տվել է ՀՀ մշակույթի նախարարությունը:
«30-40 տարի քարտեզների հետազոտական աշխատանքի մեջ եմ, բնականաբար, նյութերն ունեի և վերջին տարիների ընթացքում հավաքեցի քարտեզները»,-նշեց նա: Գալչյանի խոսքով՝ նույն քարտեզները կցուցադրվեն նաև արտերկրյա շուրջ 15 դեսպանություններում: Քարտեզներն ամփոփվել են նաև Գալչյանի անգլերեն՝ «Հայացք Հայաստանի պատմությանը» խորագրով գրքում («A Glance Into The History of Armenia»), որը հրատարակել է անգլիական «Bennett & Bloom» հրատարակչությունը:
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդգծեց, որ թանգարաններ այցելությունն սկսել է հենց Կոմիտասի թանգարան-ինստիտուտից: «Երկար ժամանակ էինք նախապատրաստում այս ծրագիրը: Որպես քաղաքականություն՝ շատ կարևոր ծրագիր է, և շատ ուրախ եմ, որ այսօր մեզ են միացել մի շարք երկրներում Հայաստանի դեսպանատները»,-խոսելով քարտեզների ցուցադրության մասին՝ նշեց Հասմիկ Պողոսյանը:
«Թանգարանների գիշեր» միջոցառմանն այս տարի մասնակցեց 111 թանգարան: Թանգարանների թիվն այս անգամ ավելացել էր 10-ով: Տարբեր մշակութային օջախներում մայիսի 16-ին անցկացվեցին մի շարք միջոցառումներ, որոնց նպատակը թանգարան-այցելու կապն ամրապնդելն և հասարակության ուշադրությունը գրավելն էր:
Ֆրանսիայի մշակույթի նախարարության նախաձեռնությամբ Եվրոպայի խորհրդի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորությամբ ամեն տարի մայիսին անցկացվում է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը: Հայաստանյան թանգարաններն այս միջոցառմանը մասնակցում են 2005 թվականից: