Հայաստանը սահմանադրական բարեփոխումների ուղիով շարունակում է ժողովրդավարական երկիր կառուցել
ОбществоՀայաստանում սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելը բացառիկ հնարավորություն է երկրում բարեփոխումներ իրականացնելու համար:
Այս մասին հայտարարեց ՀՀ ազգային ժողովի փոխխոսնակ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը Երևանում անցկացվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի նիստի ժամանակ:
Խոսելով Հայաստան-Եվրախորհուրդ համագործակցության մասին`Հերմինե Նաղդալյանը նշեց, որ լայնածավալ բարեփոխումները մարդու իրավունքների, օրենքի գերակայության ոլորտներում կազմում են Հայաստանի կարևոր առաջնահերթություններից: «Հայաստանը վավերացրել է բոլոր դաշնագրերը, փոփոխություններ է կատարել մի շարք օրենքների բարեփոխման ուղղությամբ: Բազմոլորտ բարեփոխումներ են իրականացվել, այդ թվում` մի շարք միջոցառումներ` ուղղված դատաիրավական համակարգի բարեփոխումներին, մարդու իրավունքների գերակայությանը, հասարակական համերաշխության հաստատմանը, սոցիալական մեդիային, տեղական ինքնակառավարմանը, կրթությանը, մշակույթին և այլ ոլորտներին: Այս ամենը ԵԽ-Հայաստան փոխգործակցության շրջանակներում են իրականացվում»,-ասաց ԱԺ փոխխոսնակը:
Հերմինե Նաղդալյանի խոսքով` վերոնշյալ ոլորտներում Հայաստանի գրանցած առաջընթացը, սակայն, թույլ չի տալիս կանգ առնել: «Ժողովրդավարական երկիր կառուցելը շարունակական գործընթաց է, և մենք պատրաստ ենք ակտիվ ջանքեր գործադրել այդ ուղղությամբ: Այս առումով մենք մեծ կարևորություն ենք տալիս սահմանադրական բարեփոխումներին, որ նախաձեռնել ենք Հայաստանում: Դրանց նպատակն է զորացնել օրենքը մարդու հիմնարար ազատությունների և իրավունքների պաշտպանության հարցում, ապահովել իշխանության թևերի հավասակշռումը, բարձրացնել կառավարման արդյունավետությու նը»,-հայտնեց փոխխոսնակը:
Հերմինե Նաղդալյանը նիստի մասնակիցներին ներկայացրեց սահմանադրական բարեփոխումների իրականացման գործընթացի պատմությունը` նշելով, որ ընթացիկ տարվա մարտին ՀՀ նախագահն ընդունել է մասնագիտական հանձնաժողովի կողմից ներկայացրած սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, իսկ նախագիծը պետք է պատրաստ լինի հայեցակարգի ընդունումից 10 ամիս անց:
ԱԺ փոխխոսնակի հավաստմամբ՝ Վենետիկի հանձնաժողովի հավանությանն արժանացած սահմանդրական բարեփոխումները կարող են իրականացվել միայն հասարակական լայն ընդունելության հիմքի վրա: