«Հայաստան» հիմնադրամը հովանավորել է Սասունիկի մանկապարտեզի կառուցումը
Общество«Հայաստան» համահայկական հիմնադրամի կառուցած մանկապարտեզն Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում կյանքի է կոչվել հիմնադրամի` Մեծ Բրիտանիայի տեղական մարմնի հովանավորությամբ (գյուղապետարանի համաֆինանսավորմամբ): Ինչպես տեղեկացրին «Հայաստան» համահայկական հիմնադրամից, օրեր անց երկհարկանի մանկապարտեզը` կահավորված եւ բարեկարգ բակով, իր հարկի տակ կընդունի գյուղի 100 մանկահասակ երեխաներին:
Մանկապարտեզը սպասված նվեր է համայնքի համար: Գյուղապետ Արման Մարգարյանի խոսքով` 4000 բնակիչ ունեցող համայնքը 1998 թվականից այս կողմ մանկապարտեզի շենք չի ունեցել: Նախադպրոցական տարիքի երեխաների համար գյուղի դպրոցում հարմարեցված դասասենյակը ծառայում էր որպես նախակրթարան, իսկ ավելի փոքրերն ընդհանրապես զրկված էին մանկապարտեզ հաճախելու հնարավորությունից: Քչերը կարող են իրենց թույլ տալ երեխային մարզկենտրոնի մանկապարտեզ տանել:
Բրիտանահայ համայնքը ծրագրեր է ստանձնում, մասնավորապես, կրթության եւ առողջապահության ոլորտներում: «Մեր մանուկների առողջ միտքն ու առողջ մարմինն է, որ պիտի ապահովի մեր երկրի առաջընթացը»,- հավաստել է Մեծ Բրիտանիայի տեղական մարմնի ատենապետ տիկին Արմինե Կարապետը, ով երկար տարիներ իր նվիրումն է բերում հայրենիքին: