ԿԳ-ն ու ՅՈւՆԻՍԵՖ-ը կրթության որակին վերաբերող համատեղ ծրագրեր կիրականացնեն դպրոցներում
ОбществоՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը մայիսի 19-ին ընդունել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի տնօրեն Մանյա Հենրիյեթ Ահրենսին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԳ նախարարությունից, ողջունելով հյուրին` Կարինե Հարությունյանը նշել է, որ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը ԿԳ նախարարության կարևորագույն գործընկերներից է, որի աջակցությամբ հաջողությամբ իրականացվել են համատեղ բազմաթիվ ծրագրեր, մասնավորապես, նախադպրոցական և ներառական կրթության ոլորտներում:
Ընդգծելով հիմնադրամի` կրթության մատչելիությանն ուղղված ծրագրերի կարևորությունը, Կարինե Հարությունյանն առաջարկել է համապատասխան ծրագրեր իրականացնել նաև դպրոցներում` կրթության որակի հետ կապված:
Հանդիպման ընթացքում քննարկվել է ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի միջև 2016-2021թթ. համագործակցության նոր ծրագիրը: Այս համատեքստում Մանյա Հենրիյեթ Ահրենսը բարձրացրել է դպրոցների սեյսմիկ անվտանգության հարցը` ընդգծելով, որ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը «Հայաստանում աղետների վնասների կանխարգելման և երեխաների խոցելիության նվազեցման» ծրագրի շրջանակներում իրականացրել է դպրոցների սեյսմիկ անվտանգության գնահատում: Նա կարևորել է նաև դպրոցների շինարարության ընթացքում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար թեքահարթակների անհրաժեշտության, ինչպես նաև դպրոցների էներգախնայողության հարցերը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: