Ապրես, տղա ջան, դու «ադամանդ ես». Լիսկայի վկաները անցել են գրոհի
Аналитика«Օ~ֆ, աման, եսիմ է». սա համապարփակ եւ խիստ էմոցիոնալ այն արտահայտությունն է, որը, թերեւս, վերջին շրջանում դարձել է բավական տարածված եւ ականջ ծակող: Տվյալ բառակապակցությունը օգտագործում է բնակչության զգալի մեծամասնությունը հիմնականում էլեկտարէներգիայի սակագնի բարձրացման, սոցիալ-տնտեսական ծանր վիճակի, արտագաղթի, ինչպես նաեւ Սյունիքում մայիսի 2-ին տեղի ունեցող ծեծկռտուքի հետ կապված:
Հարկ է նկատել, որ վերը թվարկված գրեթե բոլոր խնդիրները քննարկման են դրվում եւ հիմնականում իրենց լուծումները ստանում են ՀՀ Ազգային ժողովում, որտեղ վերջին օրերին «շունը տիրոջը չի ճանաչում»: Թե ի՞նչ է կատարվում հայրենի խորհրդարանում` տեսնում ենք բոլորս` «խրամատներում» գտնվող «զինվորները» անցել են թեժ պայքարի, սակայն վերջիններս հավանաբար մոռացել են, որ իրական թշնամիները գտնվում են պետական սահմանից այն կողմ:
Միջանցքներում մարտեր առանց կանոնների ձեւաչափով հանդես եկող պատգամավորները, ինչ խոսք, օրիգինալ են իրենց վարքագծով եւ բառապաշարով: Նշենք, անկրկնելի էր նաեւ երեկ ԱԺ բարձր ամբիոնից ելույթ ունեցող սյունյաց պատգամավոր Հայկ Գրիգորյանի «կատաղի» ելույթը:
Ըստ երիտասարդ պատգամավորի. «ԱԺ դահլիճում կան հատուկենտ մարդիկ, որոնք շունչները պահած սպասում են, որ մի դժբախտ դեպք տեղի ունենա Սյունիքում, հատկապես՝ Գորիսում, և նրանք էլ սկսեն իրենց նեխած մտքերը, կամ՝ Գյուլնազ տատու հեքիաթները մատուցեն հանրությանը: Խոսքս անշուշտ վերաբերում է Գորիսում տեղի ունեցած վերջին դեպքերին, որոնք ցանկացած բանական մարդու համար անընդունելի են ու դատապարտելի: Գործընկերս իր ողջ ջանքերը գործադրում է, որպեսզի Սյունիքի մարզպետի որդուն սարքի մեր ժամանակների հակահերոս: Նման բան միայն նրա ճղճիմ մտածելակերպի արգասիքն է: Եվ ընդհանրապես, կոչ եմ անում վերջ տալ այդ տգեղ սովորությանը, քաղաքական դիվիդենտներ հավաքելով ուրիշներին փնովելը՝ նրանց վրա ցեխ շպրտելով: Եթե հիմա հետաքննությունը պարզի, որ այս գործում Տիգրան Խաչատրյանի մեղքը հավասար է զրոյի, այսինքն եթե նա ընդհանրապես կապ չունի տղաներին հարվածելու կամ մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ, մեջներդ կլինի՞ այն աստիճան բարոյականություն, որ հրապարակային ներողություն խնդրեք ձեր կողմից հնչեցված արտահայտությունների համար: Անկեղծ ասած՝ շատ եմ կասկածում»,-ասել է Հայկ Գրիգորյանը:
Անգլերենի նախկին ուսուցիչը նաեւ անհանգստություն է հայտնել իր գործընկերներից մեկի հոգեկան և մտավոր վիճակի հետ կապված եւ նշել. «Մարդասիրության սկզբունքները ենթադրում են կարեկցել հոգեկան պրոբլեմներ ունեցող որոշ անձանց: Բազմազավակ մորը պատրաստ եմ տրամադրել համապատասխան հոգեկան և բժշկական աջակցություն, որի համար անհրաժեշտության դեպքում, կդիմեմ համապատասխան մասնագետների: Այդօրինակ մոտեցումը պայմանավորված է բացառապես գործընկերոջս ընտանիքում խաղաղության հաստատմամբ».-խոսքը եզրափակել է պատգամավորը:
Կարելի է ասել, որ լավ էր, չէ` մի տեսակ շատ լավ էր: «Տոլեռանտ» եւ անգլիական մտածելակերպ ունեցող երիտասարդը, ով, սովորաբար, աչքի է ընկել հիմնականում կոճակ սեղմելու իր ֆունկցիայով, փաստորեն, որ ուզում է` լավ էլ խոսում է, դեռ մի բան էլ ավել` առաջ է քաշում այնպիսի կարեւոր սկզբունքներ, ինչպիսին է մարդասիրության սկզբունքը, որոնց մասին հավանաբար իր տված դասերի ժամանակ պատմել է նաեւ Սյունքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին, սակայն վերջինս այդպես էլ բան չի հասկացել, որովհետեւ այն նախ «գյուլնազ տատի հեքիաթ» է համարել եւ հետո էլ նյութը անգլերենով էր…
Ինչեւէ, մի կողմ դնելով այդքան անհասկանալի սկզբունքները, եւ դրանցից բխող «մանր-մունր» իրադարձությունները, մի քանի բարեկամական խորհուրդ տանք պատգամավորին` նախ Ձեր կողմից արդեն սիրված բարձր ամբիոնից ելույթ ունենալուց առաջ նախապես գրված եւ լավ մշակված տեքստը մի քանի անգամ բարձր ընթերցեք` լավ կլինի դա անել հայելու առաջ, շեշտերը դրեք բառի վերջին ձայնավորի վրա եւ վերջապես մարդկանց հոգեբուժարաններ ուղարկեք ավելի ջղային ու վստահ տոնայնությամբ… եւ այդքանից հետո նոր միայն Ձեր թիմակիցները կասեն` ապրես, տղա ջան, նստի'ր, դու «ադամանդ ես»:
Հասկանում ենք, որ Լիսկային պարտք ունես հետ տալու, բայց աշխատիր պարտքդ մաս մաս վերադարձնել, որ ստրկամտությունդ ու ունայնությունդ միանգամից ի ցույց չդնես: Էսպես «խախանդ», հանգիստ ապացուցիր, որ նրա համար «դոշ ես տալիս» ցանկացած պարագայում...
Դե Սուրիկ Խաչատրյանն էլ առատաձեռն տղա է, քեզ սոված չի թողնի...
Սոսե Չանդոյան