Ոստիկանապետը շեշտել է օրենքի գերակայության ամրապնդման անհրաժեշտությունը
ОбществоՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը մայիսի 20-ին աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզում: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից:
Վերլուծելով ոստիկանության Շիրակի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների աշխատանքը, Վլադիմիր Գասպարյանն անդրադարձել է թերություններին ու բացթողումներին, որոնք պայմանավորված են եղել անձնակազմի բարոյահոգեբանական մթնոլորտով, մասնագիտական անբավարար պատրաստականությամբ, հասարակության հետ տարվող ոչ լիարժեք աշխատանքով: Ոստիկանության պետը կարևորել է հատկապես հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդումը, կեղծ կատեգորիաների բացառումն ու հանրային մթնոլորտի առողջացումը և ընդգծել ոստիկանի հեղինակության, պատվախնդրության և արժանապատվության գերակա նշանակությունը ոչ միայն հանցավորության դեմ պայքարի ու հասարակական կարգի պահպանման, այլև հասարակության հավատին ու վստահությանն արժանանալու գործում:
Անդրադառնալով ծառայությունը նորովի կազմակերպելու խնդիրներին՝ ոստիկանության պետը ներկայացրել է գլխավոր ուղղությունները:
Վլադիմիր Գասպարյանը շեշտել է հատկապես օրենքի գերակայության ամրապնդման և օրենքի առաջ բոլորի հավասարության անհրաժեշտությունը, որը գերխնդիր է ոստիկանության համար:
Ամփոփելով հանդիպումը՝ ոստիկանության պետը նշել է այն միջոցառումներն ու ժամկետները, որ նախատեսված են իրավիճակը շտկելու և ցանկալի արդյունք արձանագրելու համար:
Հանդիպման ավարտին Վլադիմիր Գասպարյանը կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ է տվել ոստիկանության Շիրակի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ղեկավարներին: