Հայաստանն ակնկալում է ԵՄ-ի հետ համագործակցության նոր փաստաթուղթ ստորագրել
ОбществоՀայաստանը շարունակում է իր հավասարակշռված քաղաքականությունը՝ պահպանելով սերտ համագործակցությունը Եվրամիության հետ: Այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: «Կարծում եմ, որ վաղը և մյուս օրը Ռիգայի գագաթնաժողովի ընթացքում էլ մենք կտեսնենք, թե ինչ ընթացք կունենան քննարկումները, ու ըստ այդմ՝ մենք իրականում կարող ենք համագործակցության եզրեր գտնել Եվրամիության հետ, որոնք համահունչ կլինեն մեր շահերին»,- ընդգծեց Նաղդալյանը:
Նա դժվարացավ պատասխանել հարցին, թե ինչ պատվիրակությամբ է Ռիգայում ներկայացված լինելու Հայաստանը, և ինչպիսին է լինելու հայկական պատվիրակության օրակարգը: Նա հայտնեց, որ նման հարցեր կուսակցության ԳՄ նիստում չեն քննարկվել:
Հարցին, թե ինչ ակնկալիքներ կան Ռիգայի գագաթնաժողովից, Նաղդալյանն ընդգծեց, որ առաջին հերթին կարևոր է, որպեսզի Հայաստանը կարողանա հանդես գալ իր ստանձնած պարտավորություններին համահունչ: «Մենք այս պահին ակնկալում ենք ունենալ Եվրամիության հետ համագործակցության նոր փաստաթուղթ և հնարավորություն՝ շարունակելու մեր սերտ համագործակցությունը»,- շեշտեց ՀՀ ԱԺ փոխնախագահը: