Մահափո՞րձ, թե պատանի հանդիսատեսի թատրոն
АналитикаԻնչպես արդեն հայտնի է, պաշտոնական վարկածի համաձայն, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ հնչել են կրակոցներ: Հասկանալի է, որ նման իրադարձությունը րոպեների ընթացքում գրավեց ամբողջ հայաստանյան լրատվական դաշտը: Սակայն Սուրիկ Խաչատրյանի շուրջ ծավալված վերջին իրադարձությունների ֆոնին, նշված կրակոցները ակամայից որոշակի կասկածների տեղիք են տալիս:
Նախ՝ սկզբնական ինֆորմացիայով, որի աղբյուրը անձամբ Սուրիկ Խաչատրյանն էր, նշվում էր՝ թաքնված մեկը կրակել է: Սակայն րոպեներ անց, կրակոցը մերձիշխանական լրատվամիջոցներով վերածվեց 10-ից ավելի կրակոցների, իսկ միջադեպը միանգամից ստացավ մահափորձ բնութագիրը: Այստեղ կասկածելի է բուն Սուրիկ Խաչատրյանի շփումը լրատվամիջոցների հետ, քանի որ մեղմ ասած՝ մարզպետը մեծ դժկամությամբ էր հարցազրույցներ տալիս, եթե ընդհանրապես պատասխանում էր զանգերին: Հաջորդ կասկածելի կետը միջադեպը հապշտապ կերպով մահափորձ բնութագրելն էր: Ի վերջո Սուրիկ Խաչատրյանը սկզբնապես նշել է, որ կրակոցը հնչել է անտառից, և կարծում ենք, տրամաբանությունից հեռու չէր լինի, եթե ասենք, դա լիներ որևէ որսորդի պատահական կրակոց:
Սակայն պարզվում է, մինչև համապատասխան մարմինների կողմից քրգործի հարուցումը, հայաստանյան մերձիշխանական մեդիան արդեն միջադեպը բնութագրել էր մահափորձ: Նման արագությամբ կարելի էր, ասենք սկզբում հրապարակել լուրը, հետո սպասել կրակոցներին: Վերջապես Սուրիկ Խաչատրյանի տղայի մասնակցությամբ ծեծկռտուքից հետո, երբ քաղաքացիներ էին ծանր վնասվածքներ ստացել, պատկան մարմինները երկու օր չէին համարձակվում քրգործ հարուցել, նման պայմաններում հասկանալի է, մեղմ ասած, կասկածելի է թվում քրգործ հարուցելու շտապողականությունը:
Ի դեպ և Հայասատանում, և այլ երկրներում բավական տարածված ու փորձված պրակտիկա է զոհի և հալածյալի կերպարով հանդես գալը, այս առումով Սուրիկ Խաչատրյանն այս օրերին ավելի քան ուներ նման կերպարի կարիք՝ նկատի ունենք իր և իր ընտանիքի շուրջ ծավալվող երբեմն մահացու իրադարձությունները: Ուստի, այս տեսանկյունից ևս հարց է առաջանում՝ արդյո՞ք Սուրիկ Խաչատրյանի մեքենայի վրա հենց Սուրիկ Խաչատրյանը չի կրակել:
Աղասի Մարգարյան