Փաստաբաններն ու արդարադատության նախարարությունն առարկայական են դարձնում համագործակցությունը
ОбществоՀայաստանի արդարադատության նախարարությունը և Փաստաբանների պալատը ձևակերպեցին ու փաստաթղթային տեսք տվեցին երկկողմ համագործակցությանը: Երկու կառուցների միջև ստորագրված հուշագրով կիրառական դաշտ են մտնելու մի շարք համատեղ ծրագրեր և ակտիվանալու է համագործակցությունը:
Հուշագրի ստորագրման արարողությունից հետո ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հայտարարեց, որ արդարադատության գլխավոր մարմինը բազմապատկելու է ջանքերը և ավելացնելու փաստաբանների հետ համագործակցության եղանակները: «Փաստաբաններն իրենց ամենօրյա աշխատանքով ծառայում են այն նպատակին, որ բոլորս ունենք: Այժմ մենք փորձելու ենք երկու ինստիտուտները բերել մի ճանապարհի վրա, որ ակտիվանա փոխգործակցությունը: Վերջին ամիսներին համագործակցությունն արդեն իսկ առարկայական է դարձել, մասնավորապես մեր գործընկերներն առաջարկներ են ներկայացնում այն օրենսդրական ակտերի շուրջ, որոնք մենք ենք մշակել»,- նշեց նախարարը: Նա հավելեց, որ Փաստաբանների պալատից ակնկալելու են կոնկրետ ահազնգերի արձագանքման մեխանիզմ, որ համակարգի տարբեր ստորաբաժանումների աշխատանքի վերաբերյալ մոնիտորինգ անցկացվի:
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն էլ հայտնեց, որ երկու կառույցներից նշանակվելու են մեկական պատասխանատուներ, ովքեր զբաղվելու են համագործակցության ծրագրերով: «Ստորագրված հուշագրի հիմքն այն է, ով երկու կառույցներն էլ հաշվի են առել մարդու իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը, իսկ դա նշանակում է, որ այս հուշագրի շահառուն լինելու է քաղաքացին»,- ընդգծեց Զոհրաբյանը:
Փոխըմբռման հուշագրի շրջանակում Արդարադատության նախարարությունն ու Փաստաբանների պալատը կհամագործակցեն մի շարք ուղղություններով, մասնավորապես` փաստաբանական դպրոցի ունկնդիրների պրակտիկայի կազմակերպման, վերլուծական և վիճակագրական նյութերի կազմման, համաժողովների և սեմինարների կազմակերպման, ինչպես նաև այլ հարցերի: