Արտերկրի բազմաթիվ քաղաքացիներ պրոկտոլոգիական բուժում են ստանում Հայաստանում
ОбществоՀայաստանում պրոկտոլոգիական բժկությունը հարուստ ավանդույթներ ունի և այսօր գտնվում է բարձր մակարդակի վրա: Մարդու հաստ աղիքի հիվանդություններից բուժվելու համար մեր երկիր են ժամանում արտասահմանյան և ԱՊՀ տարբեր երկրներից: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ առողջապահության նախարարության Առողջապահության ազգային ինստիտուտի պրոկտոլոգիայի բաժնի ղեկավար Ալեքսանդր Աղավելյանը:
Մայիսի 21-ին կայացավ Հայաստանի կոլոպրոկտոլոգների ասոցիացիայի անդրանիկ նիստըˋ նվիրված Հայաստանում պրոկտոլոգիական ծառայության 40-ամյակին: Բժիշկ պրոկտոլոգի խոսքովˋ նոր ասոցիացիայի նպատակն է համախմբել Հայաստանի բոլոր կոլոպրոկտոլոգներին մեկ հարկի ներքո, որպեսզի իրենց խնդիրները լուծեն համատեղ, կոլեկտիվ եղանակով: Ասոցիացիան պետք է կազմի ուղեցույց, որով էլ ոլորտի բժիշկները պետք է առաջնորդվեն իրենց գործունեության ընթացքում:
«Հայաստանում պրոկտոլոգիական հիվանդությունները մեծ տարածում ունեն, որը պայամանավորված է բազամաթիվ պատճառներով, այդ թվումˋ սոցիալ-տնտեսական»,- նշեց Աղավելյանըˋ կարևորելով ասոցիացիայի ստեղծումը: «Պրոկտոլոգիական բժկության մակարդակը բարձր է: Անդրկովկասում հենց Հայաստանում է ստեղծվել առաջին պրոկտոլոգիական ինստիտուտը. Ադրբեջանում, Վրաստանում և Ռուսաստանի հարավում չկային նման ինստիտուտներ: Այսօր էլ մեզ մոտ շատ են գալիս բուժվելու արտասահմանից և ԱՊՀ երկրներից»,- հավելեց նա:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն իր հերթին ընդգծեց, որ Առողջապահության նախարարությունը խրախուսում է մասնագիտական միավորումների ստեղծումը հանրապետությունում: «Նման միավորումները մեզ կօգնեն ստեղծել ժամանակակից առողջապահական համակարգˋ համապատասխան միջազգային բոլոր չափանիշներին»,- նշեց նախարարը:
Մուրադյանը հիշեցրեց, որ Ազգային ժողովը այս տարվա ապրիլի սկզբին առաջին ընթերցումով ընդունեց բնակչության առողջապական սպասարկման օրենքում փոփոխություններ մտցնելու առաջարկը և հույս հայտնեց, որ երկրորդ ընթերցումն անցնելուց հետո բժշկական ուղեցույցերը պարտադիր կդառնան ՀՀ առողջապահական համկարգումˋ ինչ-որ առումով նաև կրելով նորմատիվային բնույթ: