ՀՀ ազգային փոքրամասնությունները ՄԱԿ-ի անդամ պետություններին կոչ արեցին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
ОбществоՀայաստանի 11 ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները համերգով իրենց վերաբերմունքն արտահայտեցին Հայոց ցեղասպանության հանդեպ և պատմական զուգահեռներ անցկացրեցին դրան հաջորդող ցեղասպանություններին, ներառյալ՝ ներկա պահին եզդի ժողովրդի նկատմամբ իրականացվող ցեղասպանությունը: Այս մասին մայիսի 21-ին լրագրողներին տեղեկացրեց ՀՀ Նախագահի աշխատակազմի ազգային փոքրամասնությունների հարցերով մասնագետ Նարինե Գուլյանը:
«Երեկոյի գաղափարը ուղերձն է ՄԱԿ անդամ պետություններին՝ ճանաչելու և դատապարտելու Հայոց ցեղասպանությունը, որպեսզի այլևս աշխարհում չկրկնվի նման ցեղասպան ոճրագործություններ», - ասաց Նարինե Գուլյանը:
Համերգը բացվեց Վիլի Վայների երաժշտության ներքո և Հայոց ցեղասպանության վերաբերյալ էկրանին ցուցադրվող վավերագրական կադրերով:
«Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունները չէին կարող անմասան մնալ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում տեղի ունեցող միջոցառումներից: Այս առիթով ազգային փոքրամասնությունները, որոնց մի մասը Հայաստանում է հայտնվել ցեղասպանության հետևանքով, նկատի ունեմ ասորիներին, եզդիներին, քրդերին, հույներին, որոշեցին միջոցառում կազմակերպել, որի գերնպատակը կառուցված է մեկ գաղափարի վրա՝ կանխել պատերազմները», - ընդգծեց երեկոյի պատասխանատու, Հայաստանում ասորական համայնքի ներկայացուցիչ Ռազմիկ Խոսրոևը:
Համերգին ընթացքում իրենց ազգային երգն ու պարը ներկայացրեցին ուկրաինական, բելառուս, ասորի, եզդի, քուրդ, վրացի, հույն, հրեա և ռուս երիտասարդները:
«Սեփական փորձից կարող եմ ձեզ ասել, որ այն բոլոր մարդիկ, ովքեր գալիս են Հայաստան, այցելում են Ծիծեռնակաբերդ և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ: Նրանց մեջ չկա մեկը, ով ժխտի Հայոց ցեղասպանության եղելությունը և այնուհետ չհանդիսանա ձայնափող, որը կոչ անի մարդկանց ճանաչելու Հայոց ցեղասպանությունը»,- նշեց Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյան-Ֆելլերը: Նա օրինակ բերեց Իսրայելի Կնեսետի (Ազգային ժողով) խոսնակին, ով երկու տարի Հայաստան այցելությունից հետո տոգորվել էր Հայոց ցեղասպանության ճանաչման գաղափարով և կոչ էր արել Իսրայելի ժողովրդին և կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Համերգի ավարտին մասնակիցները, համախմբվելով «Առնո Բաբաջանյան» համերգասրահի բեմում, ընթերցեցին Հայաստանի ազգային փոքրամասնությունների ուղերձը ՄԱԿ-ի պետություններին՝ Հայոց ցեղապանության ճանաչման կոչով:
Միջոցառման նախաձեռնության առաջարկը հնչել է ՀՀ ազգային փոքրամասնությունների մշակութային կազմակերպությունների համակարգող խորհրդում, որտեղ ներգրավված են տասնմեկ ազգությունների ներկայացուցիչներ: Միջոցառման ֆինանսավորողը ՀՀ կառավարությունն է, որը տարեկան ազգային փոքրամասնությունների ներկայացրած ծրագրերի համար լրացուցիչ գումար է հատկացնում, և Մշակույթի նախարարության աջակցությամբ: