Ռուբեն Հակոբյանը հայտնել է ՀԱԿ-ի նախաձեռնած ստորագրահավաքին չմիանալու պատճառը
Общество«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը չի միացել էլեկտրաէներգիայի թանկացման հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը, քանի որ այդ հարցը իր հետ նախօրոք չեն քննարկել: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում, պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ չի միացել ՀԱԿ-ի նախաձեռնած ստորագրահավաքին, Հակոբյանն ընդգծեց, որ բազմաթիվ անգամ ասել է, որ երբ որևէ քաղաքական ուժ ցանկանում է ինչ-որ բան նախաձեռնել, պետք է այդ հարցը քննարկի մյուս քաղաքական ուժերի հետ: «Ես միշտ ասել եմ, որ այդ առաջ ընկնելու գործելաոճը, ցույց տալը, թե իրենք ամենաուժեղ ընդդիմությունն են, ճիշտ ճանապարհ չէ: Իհարկե, ես չեմ միացել ստորագրահավաքին, սակայն հետո բացատրել եմ իմ գործընկերներին, որ էլեկտրաէներգիայի թանկացման հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելը նպատակահարմար չէ, քանի որ դրա համար ժամանակ է հարկավոր, իսկ էլեկտրաէներգիայի թանկացումն օրերի հարց է»,- նշեց Հակոբյանը:
Ռուբեն Հակոբյանը նախընտրում է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցը քննարկել խորհրդարանական լսումների միջոցով, ինչն առավել նպատակահարմար է, քան հանձնաժողով ստեղծելը: «Ես կարծում եմ, որ որևէ քայլ ձեռնարկելուց առաջ հարկավոր է նախ հասկանալ, թե որքանով դա արդյունավետ կլինի: Տվյալ դեպքում հանձնաժողովի ստեղծումն արդյունավետ չի լինի, իսկ ահա խորհրդարանական լսումների միջոցով մենք կարող ենք առարկայական քննարկումներ անցկացնել, հասկանալ իրավիճակը, բարձրաձայնել մեզ և հանրությանը հուզող հարցերի մասին»,- ասաց Հակոբյանը:
Պատգամավորը ևս մեկ անգամ կոչ արեց քաղաքական ուժերին որևէ նախաձեռնություն սկսելուց առաջ այն քննարկել այլ քաղաքական ուժերի հետ:
ԱԺ ՀԱԿ խմբակցությունը ստորագրահավաք էր սկսել էլեկտրաէներգիայի թանկացման հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու համար, սակայն նախաձեռնությունը տապալվել էր բավարար ստորագրություններ չլինելու պատճառով: