Գեղարքունիքի բնակիչները Բալակլավայում գտել են Մեծ Հայրենականում զոհված հարազատների գերեզմանները
ОбществоԳեղարքունիքի մարզի մի խումբ բնակիչներ, ովքեր Ռուսաստանի Դաշնության իշխանությունների պաշտոնական հրավերով մասնակցել են այս տարվա Մայիսի 9-ին Բալակլավա եւ Սեւաստոպոլ քաղաքներում կազմակերպված Մեծ հաղթանակի տոնակատարություններին, վերջապես գտել են եղբայրական այն գերեզմանները, որտեղ ամփոփված են Մեծ հայրենականի մասնակից իրենց պապերի աճյունները: Ինչպես տեղեկացրեց Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասի բնակիչ, Հայրենական մեծ պատերազմում զոհված Սուրեն Մանասյանի թոռ Արսեն Մանասյանը, ՌԴ Սեւաստոպոլ եւ Բալակլավա քաղաքներում Մեծ հաղթանակի միջոցառումներին մասնակցելու համար ռուսական կողմի հրավերով Հայաստանից մեկնել է 43 մարդ, որից 6-ը ներկայացրել են Գեղարքունիքի մարզը: Մեծ հայրենականի մարտերում զոհված հայերի հարազատների մեկնման, գիշերակացի եւ վերադարձի բոլոր ծախսերը հոգացել է ռուսական կողմը: Սակայն Մեծ հաղթանակի տոնակատարություններին մեկնելու եւ մասնակցելու ամենամեծ անակ նկալն այն է եղել, որ Հայաստանից մեկնած քաղաքացիները վերջապես գտել ու առաջին անգամ իրենց աչքով տեսել են իրենց պապերի գերեզմանները, հուշաքարերին հուզմունքով կարդացել նրանց հավերժացած անունները: «Մենք անգամ չգիտեինք, թե որտեղ է ամփոփված իմ պապ Սուրենի աճյունը, թեեւ ծնողներս շատ էին հարցրել ու հետաքրքրվել: Ինձ ոչ միայն ցույց տվեցին այն եղբայրական գերեզմանը, որտեղ հուղարկավորված է նաեւ իմ իմ պապը, այլ նրա փաստաթղթերը, որոնցում գրված են անգամ նրա կնոջ` տատիս անունը: Մեզ Բալակլավայում ռուսները դիմավորեցին ամենայն հարգանքով ու մեծարանքով, տեղավորեցին բարձրակարգ հյուրանոցում, կազմակերպեցին էքսկուրսիաներ ու ճաշկերույթներ, մենք մասնակցեցինք Հաղթանակի շքեղ տոնակատարություններին: Մեզ տարան նաեւ մարտական գործողությունների վայր, որտեղ մղվել են Բալակլավայի արյունահեղ կռիվները: Մինչ օրս խնամքով պահպանվում է մարտադաշտը, մարտերին մասնակից ռազմական տեխնիկան»,- պատմեց Արսեն Մանասյանը: Արսենի համար այդ ուղեւորության ամենագլխավոր իրադարձությունը եղել է Բալակլավայի եղբայրական գերեզմանոից հող բերելը եւ հայրենի Արծվաքրում, իր տատի շիրիմի կողքին ամփոփելը: «Տատիս շիրմաքարի վրա տեղադրել էինք նաեւ պապիս նկարը, գրել անուն-ազգանունը, բայց առանց որեւէ ստույգ տեղեկության: Հիմա վերջապես ուրախ ենք, որ նրա թաղման ստույգ վայրից հող ենք բերել, մեր սիրտն էլ հանգստացավ, պապիս ու տատիս կարոտած հոգիներն էլ»,- նշեց Արսեն Մանասյանը:
Խոսրով Խլղաթյան