D-Link-ը հետազոտական կենտրոն ունի նաեւ Գյումրիում
ОбществоԱյսուհետ միջազգային D-Link ընկերությունը հետազոտական գործունեություն կիրականացնի նաև Հայաստանի երկրորդ խոշոր քաղաքում: Գյումրիում կայացել է ընկերության կենտրոնի նորակառույց շենքի բացումը: D-Link-ը ցանցային եւ հաղորդակցության սարքավորւմների նախագծող եւ արտադրող է եւ հիմնադրվել է 1986թվականին: Հայաստանյան ներկայացուցչությունը հիմնադրվել է 2007թ.:
Ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արմեն Շահնազարյանը լրագրողների հետ զրույցում հիշում է, որ ընդամենը մի քանի տարի առաջ ընկերությունն ուներ մեկ սենյակ, այսօր` երկու հարկանի մեծ շենք, որով, սակայն, չեն պատրաստվում սահմանափակվել: «Սա նոր փուլի մեկնարկն է, ընդամենը սկիզբ, եւ մեր նախաձեռնությունները շարունակական են լինելու: Ունենք բազմաթիվ ծրագրեր, որոնց մասին այժմ չեմ ցանկանում խոսել, սակայն հավաստիացնում եմ, որ մեր ընկերության մասին դեռ բազմաթիվ անգամ կլսեք»,- ասաց Շահնազարյանը:
Հայաստանյան ներկայացուցչությունն այս պահին ունի 22 աշխատակից: Նրանցից 13-ը Երեւանում են, մնացածը` Գյումրիում: Միչեւ տարեվերջ ընկերությունը նախատեսում է աշխատատեղերի թիվը հասցնել 35-ի, իսկ մինչև 2017թվականը` 70-ի:
Ընկերության տարածաշրջանային 90 գրասենյակներն իրականացնում են սարքավորումների վաճառք եւ սպասարկում աշխարհի ավելի քան 110 երկրում: Այժմ ընկերությունը եւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամն իրականացնում են 4-ամսյա հատուկ դասընթացներ` D-Link հետազոտական կենտրոնում աշխատելու պոտենցիալ մասնագետների համար: