Լևոն Թոքմաջյանի քանդակն իսպանական փառատոնում արժանացել է Գրան Պրի մրցանակի
КультураՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լևոն Թոքմաջյանն Իսպանիայի Սալամանկա քաղաքում անցկացված փառատոնից Հայաստան է վերադարձել Գրան Պրի մրցանակով: Փառատոնն անցկացվել է մայիսի սկզբին: Թոքմաջյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ նմանատիպ միջոցառումներ կազմակերպում են հիմնականում իտալացիները:
«Սալամանկա քաղաքը լեռնոտ Հայաստան հիշեցնող մի վայր է, և շատ գեղեցիկ քար կա այնտեղ: Բոլոր քանդակագործները նախօրոք էսքիզներ էին ուղարկել, ես էլ էի ուղարկել՝ Մեծ եղեռնի թեմայով, բայց երբ բոլոր քարերը պատրաստ տեսա, հրաժարվեցի նախնական գաղափարից»,- նշեց Լևոն Թոքմաջյանը:
Նրա խոսքով՝ փառատոնին ներկա էին մասնակիցներ Եգիպտոսից, Գերմանիայից, Ռումինիայից և այլ երկրներից:
«Նրանց կոմպոզիցիաներն ուղղահայաց էին, և ես ընտրեցի հակառակ՝ հորիզոնական լուծում, ամբողջ գիշեր նստեցի էսքիզների վրա: Ցուլ քանդակելու միտք առաջացավ: Մտածեցի, որ հետաքրքիր կլինի. պարզվեց, որ ցուլը Սալամանկա քաղաքի խորհրդանիշն է: Անմիջապես քաղաքապետը կանչեց, և հարցրեց՝ դու գիտե՞իր, որ մեր խորհրդանիշն է, պատասխանեցի, որ չեմ իմացել»,- հավելեց քանդակագործը՝ հավելելով, որ իրեն տարել են ցլամարտ դիտելու, բայց ինքը շատ ծանր է տարել տեսարանը:
«Ինձ համար անսպասելի էր Գրան Պրի ստանալը: Եվրոպայում մտածում են՝ ինչպես անեն, որ հեշտ լինի և ժամկետի մեջ տեղավորվեն, իսկ իմ նպատակը դա չէր: Ես ներքին ընդվզում էի ուզում տեսնել»,- ընդգծեց նա:
Եվ Լևոն Թոքմաջյանը քանդակել է «Եվրոպայի առևանգումը» խորագրով քանդակը: «Որոշեցի մի զորեղ բան անել, խղճահարության չարժանանալ»,- շեշտեց նա՝ հավելելով, որ քանդակը կմնա Սալամանկայում:
Այժմ քանդակագործն աշխատում է Մոնթե Մելքոնյանին նվիրված քանդակի վրա, որի համար նախատեսված քարը Ղարաբաղից են ուղարկել:
«Ուզում եմ նրա կերպարում խտացնել մեր ժամանակի իսկական հայրենասերներին, որոնք իրենց կյանքը տալիս են հայրենիքին: Դրա խորհրդանիշը հենց նա է: Ինձ համար Մոնթեն բացառիկ է»,- հավելեց նա:
Լևոն Թոքմաջյանը ծնվել է 1937թ. Երևանում: Սովորել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Երգել է Հայաստանի պետական երգչախմբում: Հեղինակել է բազմաթիվ քանդակներ: 1975թ. Լեհաստանի Օրոնսկ քաղաքում «Ղարաբաղցի կինը» քանդակի համար արժանացել է Գրան Պրի մրցանակի: Երևանի ճարտարապետաշինարարական համալսարանի գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի դասախոս է, պրոֆեսոր: 2011թ. Էջմիածնում կանգնեցվել է նրա կերտած 1915թ. Մեծ եղեռնին զոհ դարձած 1 2 հայ մտավորականների խմբակային բազալտե հուշարձանը: 2008թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական նկարչի կոչման: