Բանկերի կապիտալը բավարար է տարբեր տեսակի ռիսկերը կլանելու համար
ОбществоՀայաստանի առևտրային բանկերն ունեն կապիտալի բարձր մակարդակ, որը բավարար է տարբեր տեսակի ռիսկերը կլանելու և շոկային իրավիճակներին դիմակայելու համար:
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը: Նրա խոսքով` նույնիսկ նախորդ տարեվերջին բանկերն ի վիճակի են եղել կատարել իրենց պարտավորությունները և սպասարկել հաճախորդներին:
«2014 թվականի դեկտեմբերը մի շրջան էր, երբ շատ մեծ տատանումներ էին տեղի ունենում: Դա անդրադառնում էր ոչ միայն բանկերի, այլ նաև տարբեր կազմակերպությունների վրա: Նրանց մի մասը դադարեցրել էր գործունեությունը և սպասում էր ճշգրտումների: Ցանկանում էին տեսնել` ինչ զարգացումներ կլինեն: Բանկերը մի պահ շատ խստացրեցին վարկավորումը, սակայն այդ ամբողջ ընթացքում դրանք եղել են իրացվելի և ունակ սպասարկելու տնտեսությունը: Իսկ ովքեր այդ ժամանակ ոչ ճիշտ մոտեցումներ են դրսևորել, նրանց դեմ իրականացվել են համապատասխան միջոցառումներ»,- ասաց Գր իգորյանը:
ԿԲ ներկայացուցչի խոսքով` բանկերը շարունակել են լինել բավականին իրացվելի, և երկու հիմնական ցուցանիշներով, որոնցով գնահատվում է դրանց իրացվելիությունը, գտնվել են պահանջվող նվազագույնից բավական բարձր մակարդակի վրա: «Ընդհանուր կապիտալի կառուցվածքում կանոնադրական կապիտալի մասնաբաժինը եղել է շատ մեծ, ինչը նշանակում է, որ բանկերը կարող են սեփական կապիտալի հաշվին տարբեր տեսակի ռիսկեր կլանել»,- ասաց նա:
Անդրանիկ Գրիգորյանը տեղեկացրեց, որ Հայաստանի ֆինանսական հաստատությունների և բանկերի կայունության վրա ավելի մեծ ազդեցություն ունեցան շահութաբերության անկումը և ակտիվների որակը, որը չափվում է չաշխատող ակտիվների տեսակարար կշռով: Սակայն դրանք գտնվում են համեմատաբար ցածր մակարդակի վրա և չեն գերազանցում այն մակարդակը, որ ձևավորվել է նույնիսկ Կենտրոնական Եվրոպայում: