«Հայփոստ»-ը թողարկել է Միսաք Մանուշյանին նվիրված նամականիշ
Общество«Հայփոստ» ՓԲԸ-ն շրջանառության մեջ է դրել բանաստեղծ, Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանին նվիրված նամականիշը: Նամականիշի մարման արարողությունը տեղի է ունեցել մայիսի 26-ին: Նամականիշի վրա պատկերված է Միսաք Մանուշյանը` Փարիզի Հաղթական կամարի, «Կարմիր պաստառ»-ի, Անմար կրակի եւ կնոջ` Մելինե Մանուշյանին ուղղված նամակի հատվածի խորապատկերին:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն կարեւորեց նամականիշի շրջանառումը` շեշտելով, որ Մանուշյանն անձնվեր մարդու եւ քաղաքացու լավագույն օրինակն է: «Նա Ֆրանսիան ընդունեց որպես երկրորդ հայրենիք եւ պայքարեց իր երկրորդ հայրենիքի համար: Նա հերոս է, որ անձնվիրաբար պայքարեց հանուն Ֆրանսիայի ազատության»,- նշեց դեսպանը:
ՀՀ տրանսպորտի եւ կապի փոխնախարար Գագիկ Թադեւոսյանն էլ շեշտեց, թե հատկանշական է, որ նամականիշը շրջանառության մեջ է դրվում այն ժամանակ, երբ աշխարհը նշում է ֆաշիզմի դեմ պայքարի հաղթանակի 70-ամյակը:
Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանն էլ հավելեց, որ հավաքորդների համար կարեւոր իրադարձություն է նման նամականիշի թողարկումը: «Հատկապես թեմատիկ նամականիշների սիրահարների համար նշանակալից իրադարձություն է, քանի որ մեկ նամականիշն իր մեջ միանգամից մի քանի խոշոր իրադարձության վկայություն է պարունակում: Վստահ եմ, որ նամականիշը կսիրվի ոչ միայն Հայաստանում եւ Ֆրանսիայում, այլեւ ամբողջ աշխարհում»,- ասաց Մուսայելյանը:
Միջոցառման ավարտին մի խումբ դպրոցականներ ֆրանսերենով ընթերցեցին Մանուշյանի հայտնի նամակը կնոջը: