Քարոզչության նպատակով ԱԳՆ-ին հատկացված միջոցներով լուրջ աշխատանք է տարվել
ОбществоԱնցած տարվա ընթացքում քարոզչության նպատակով ՀՀ արտաքին գործերի նախարարությանը հատկացված միջոցների շրջանակում լուրջ աշխատանք է տարվել: Այս մասին Ազգային ժողովում ՀՀ 2014թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը՝ պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանի հարցին: «Տրամադրված գումարների շրջանակում մենք կարողացել ենք լուրջ քարոզչական աշխատանք տանել: Աշխատանքները կատարված են գրեթե 100 տոկոսով: Արվել են տպագրական աշխատանքներ՝ կապված մեր արտաքին քաղաքականության գերակայությունների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ: Տպագրությունները հրատարակվել են տարբեր լեզուներով և տարածվել են աշխարհով մեկ»,- նշեց Մանասարյանը:
Պատգամավորի դիտարկմանը, թե Ադրբեջանն ամեն տարի ահռելի գումարներ է ծախսում քարոզչության վրա, փոխնախարարը պատասխանեց. «Այո, մեր հարևանները ահռելի գումարներ են ծախսում իրենց քարոզչությունն առաջ տանելու համար, սակայն ես կարծում եմ, որ այստեղ պետք չէ մրցակցության մեջ մտնել»:
Նա ընդգծեց, որ տրամադրված միջոցների շրջանակում լուրջ աշխատանք է կատարվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հրատարակությունների, նյութերի որակը բավականին բարձր է եղել: «Իհարկե, եթե գումարներն ավելի շատ լինեին, կկարողանայինք ավելի շատ աշխատանք տանել, սակայն ունենք այն, ինչ ունենք: Պետք է բավարարվենք այսքանով՝ հույս ունենալով, որ առաջիկայում քարոզչական աշխատանքների իրականացման համար գումարները կավելանան, մեր հնարավորություններ էլ կմեծանան»,- ասաց Մանասարյանը:
ՀՀ 2014թ. պետական բյուջեից արտաքին գործերի նախարարությանը քարոզչական աշխատանք իրականացնելու համար տրամադրվել է 68 միլիոն դրամ: