Թուրքիայի «Անատոլիայի Վագրեր» բիզնես ընկերությունների թռիչքը Վրաստան
Аналитика«Վրաստանը մեծ ներուժ ունի ևպետք է այն ավելի ուժգին օգտագործի»,- այսպիսի կարծիք է հայտնել Վրաստանում Թուրքիայի դեսպանը The FINANCIAL հեղինակավոր պարբերականին տված հարցազրույցի ժամանակ:
Հաշվի առնելով ամբողջ աշխարհում տնտեսական ճգնաժամը՝ երկրները ստիպված են հասկանալ իրենց մրցակցային առավելությունը տնտեսական միջավայրում: Յուրաքանչյուր կառավարություն, լինի զարգացած, թե ոչ, ձգտում է ներգրավել արտասահմանյան պոտենցիալ ներդրողներին:
Թուրքիան, իր հերթին, ակտիվորեն փորձում է ևս գտնել պոտենցիալ ներդրողներ՝ ի ցույց դնելով Թուրքիայում առկա բոլոր շահավետ հնարավորությունները: «Վերջին տասը տարիների ընթացքում»,- կարծում է դեսպանը,-«Վրաստանը մեծ հաջողությունների է հասել իր տնտեսությունը ազատականացնելու գործում: Այնպես որ, հիմա, այս ամուր հիմքի վրա, նրանք պետք է գործեն ավելի ագրեսիվ և ներգրավեն արտասահմանյան ներդրողներին»:
Առավել մանրամասնելով իր հարցազրույցը՝ դեսպանը հավելել է, որ Թուրքիայում, բացի հայտնի բիզնես կենտրոններից, ինչպիսիք են Ստամբուլն ու Իզմիրը, կան «Անատոլիայի Վագրեր» կոչվող խոշոր թուրքական ընկերությունների նոր սերունդներ, որոնք ներառում են քաղաքներ, ինչպիսիք են Ադանան, Դենիզլին, Գազիանթեփը, Կեսարիան և Կոնյան: «Վրաստանը պետք է ուղղորդվի դեպի այդ քաղաքներ և կապեր ստեղծի աճող թուրքական գործարար համայնքների հետ: Դա կլինի հաղթական երկու կողմերի համար էլ»,- կարծում է Վրաստանում Թուրքիայի դեսպան Զեքի Լևենթ Գումրյուկչուն:
Հատկանշական է, որ թուրք գործարարները արդեն 15-20 տարի է ակտիվ գործունեություն են ծավալում Վրաստանում՝ ընդունելով այն որպես իրենց երկրորդ տուն: Ավելին, Վրաստանի փոխվարչապետ Կվիրիկաշվիլին բազմիցս հանդիպումներ է ունեցել թուրք գործարարների հետ: Բացի այդ, հաջորդական հանդիպումներ են եղել Վրաստանի Ֆինանսների առաջին փոխնախարարի և թուրք գործարարների միջև՝ արծարծելով հիմնականում հարկային ոլորտին վերաբերող հարցեր: Ըստ դեսպանի՝ նման հանդիպումները օգտակար գործընթացներ են, որոնք հստակեցնում են որոշակի թյուրընկալումները և շատ ավելի լավ պատկերացում ստեղծում ընդհանուր հետաքրքրություն առաջացնող հարցերի շուրջ:
Ներդնելով ավելի քան 67 միլիոն ԱՄՆ դոլար՝ 2014թ.-ին Թուրքիան հանդիսանում է 7-րդ ամենախոշոր ներդրող երկիրը Վրաստանում: Այս առիթով դեսպանը կարծում է, որ միգուցե ներդրված կապիտալի չափով Թուրքիան 7-րդ-ն է, սակայն ներդրված տնտեսական ոլորտների առումով՝ Թուրքիան առաջին տեղն է զբաղեցնում, քանի որ թուրքական ընկերությունները գործում են գրեթե բոլոր ոլորտներում՝ էներգետիկ, շինարարական, առողջապահական, գյուղատնտեսական և բանկային սեկտորներում:
Վերոգրյալը փաստում է, որ Թուրքիայի համար Վրաստանի շուկան գրավիչ է և ունի ռազմավարական նշանակություն՝ մասնավորապես տարածաշրջանային առևտրա-տնտեսական գործընթացներում հավելյալ ազդեցության ձեռքբերման առումով: Այս առումով, բացի Վրաստանի ներքին շուկայից, ԵՄ-ի հետ Ասոցացման ու Խորը և Համապարփակ Ազատ Առևտրի Գոտու համաձայնագրերը նոր հնարավորություններ են ստեղծում վրացական շուկայում Թուրքիայի դիրքերի ամրապնդման և հավելյալ լծակների ձեռքբերման գործընթացում:
Հասմիկ Այվազյան