Անմեղիուս Մարդիուսի նամակը՝ Երվանդ Զախարյանին
АналитикаԱնմեղիուսը դիմում է Երվանդին
Սիրելի՛ Երվանդ, այն, ինչ արել ես և շարունակում ես անել մինչ այսօր, ցավոք, ո՛չ ինձ, ո՛չ էլ քո ժողովրդին որևէ լավատեսություն չի ներշնչում: Անկեղծ ասած՝ ես հլա ջհանդամ, բայց ի՛մ Երվանդ, էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը թշվառ ժողովրդին այլևս ապրելու որևէ այլընտրանք չի թողնում: Արադարացումներ մի՛ փնտրիր, Երվա՛նդ. անիմաստ և իմաստազուրկ են դրանք՝ ինչպես կառավարության նիստերը: Արդարանում են նրանք, ովքեր վախենում են, քանզի զգալով ահագնացող հարձակումը՝ անհրաժեշտություն է առաջանում բնազդաբար պաշտպանվելու..Սակայն մի՞թե կարիք կա պաշտպանվել սեփական ժողովրդից. ի վերջո դու նրանց զավակն ես, նույն հասարակության արգասիքը...
Անմեղիուսը հորդորում է Երվանդին
Անկեղծ լինենք, Երվա՛նդ: Հայոց հնագույն թագավորություններից մեկի անունը կրող պետական գործիչը, ըստ էության, օրինակելի պիտի լինի սեփական ժողովրդի համար: Այսօրվա մթնոլորտն ու քո ցուցաբերած վարքագիծը ինձ, ցավոք, ստիպում են գրել նամակս՝ ի հեճուկս քո կատարած գործերի և որոշումների: Հնում, ի՛մ Երվանդ, երբ քո ադաշ Երվանդ Սակավակյացն էր թագավորում Մեծ Հայքում, առաջնորդներն իրենց մտքում մի գաղափար ունեին՝ ինչքան հնարավոր է մեծացնել թագավարությունը, ավար ու հարստություն ձեռք բերել սեփական ժողովրդի համար: Այն ժամանակ չկար ժողովրդավարություն, սակայն կար պետություն: Այժմ կա ժողովրդավարություն, սակայն համարյա պետություն չկա, իսկ եղածն էլ կորցնում եք աստիճանաբար՝ ինչպես աղջիկն իր կուսությունը՝ ամուսնության գիշերը...
Չի՛ կարելի ամուսնանալ սեփական ժողովրդի հետ և լքել նրան, չի՛ կարելի զավակներ ունենալ ժողովրդից և թողնել նրանց անտեր: Ես ցավով եմ նշում այս ամենը: Սակավակյացն այդ անունը ստացել էր իր կարճ կառավարման պատճառով, սակայն այդ կարճ ժամանակահատվածում նա ավելին արեց, քան դու՝ արդեն մոտ 2 տասնյակին մոտեցող քո իշխանության մեջ գտնվելով: Թանկացնելով Էլեկտրաէներգիան՝ մի՞թե նպատակ եք հետապնդում ստուգել ըմբոստ երիտասարդության պուլսը, մի՞թե նպատակ ունեք համոզվելու նրանց վճռկանության մեջ: Երիտասարդը, սիրելի՛ Երվանդ, նման է բողբոջող ծառի՝ մշտապես ու անսահման աճելու միտում ունի, իսկ համապատասխան խնամքի դեպքում գուցե փթթի, և այդ դեպքում կփտի ձեր իշխանությունը: Դու գրգռում ես ժողովրդին, կպչում նրանց նուրբ լարերին:
Սակայն չշեղվենք հանուն կաղ դարբին Հեփեստիանոսի: Իշխելը հին աշխարհում պարտականություն և մեծ պատասխանատվություն էր: Մարդիկ շատ հաճախ նույնիսկ հրաժարվում էին դրանից, քանզի ժողովրդի հույսերը չարդարացնելու դեպքում նրանց դաժան պատիժ էր սպասվում: Նրանք իշխանությունից հրաժարվել գիտեին, Երվա՛նդ, իսկ ի՞նչ գիտես դու. միայն իշխել, սակայն մոտ է ժամանակը, երբ, դժբախտաբար, քեզանից կհրաժարվեն: Խորհիր սրա մասին, Երվա՛նդ...
Անմեղիուսը պատգամում է Երվանդին
Նամակս ավարտելուց առաջ հղում եմ քեզ իմ 5 պատգամները՝ հուսալով, որ կկիրառես դրանք, թեպետ ոմանք քեզ ակնհայտ տհաճություն կպատճառեն...Ինչևէ.
1. Ուշադիր կարդա՛ բոլոր նախորդ նամակներս և եթե օգտակար որևէ բան չգտնես քո նախորդներին հասցեագրված տողերից, ուրեմն ուշադիր լսիր Հրանտ Թոխատյանին:
2. Փոխի՛ր ծառայողական մեքենադ. այն ավելի շքեղ է, քան Գագիկ Ծառուկյանի առանձնատունը:
3.Հրաժարվի՛ր քո պաշտոնից, Երվա՛նդ, հրաժարվիր քանի ուշ չէ...Քո սեռը ժողովրդի սրտում մի հուշ է:
4. ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանի հետ լսի՛ր խնդրում եմ «Taту» խմբի «Нас не дагонят» երգը՝ վերհիշելով քո՝ Երևանի քաղաքապետ եղած ժամանակները:
5. Քո ժողովրդին սպառնում է վերացում, սիրելի՛ Երվանդ. նրա հանդեպ ոտնձգություններ են կիրառում գրեթե բոլոր բարձրաստիճան չինովնիկները և դա անում են առանց խղճի խայթ զգալու:
Գոնե դու այդպես մի վարվիր, Երվա՛նդ...