Զորակոչվելիս նրա մոտ քաղցկեղ չի հայտնաբերվել. ՊՆ խոսնակը՝ նորակոչիկի մահվան մասին
ОбществоԱրարատի մարզի Նորամարգ գյուղում մայիս 29-ին սրընթաց զարգացող քաղցկեղից մահացած նորակոչիկ, ազգությամբ եզդի 19-ամյա Խդր Սարոյանի դեպքով որեւէ ծառայողական քննություն չի նշանակվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ երիտասարդին զորակոչելիս նրա մոտ քաղցկեղ չի հայտնաբերվել, հնարավոր է՝ այն գաղտնի փուլում է եղել եւ որեւէ կերպ չէր կարող հայտնաբերել: Մի քանի ամիս ծառայելուց հետո արդեն նորակոչիկի առողջական վիճակը վատացել է, տեղափոխվել է բուժկետ, այնուհետեւ հոսպիտալ, իսկ հետո քաղցկեղի ախտորոշումից հետո մասնագիտական բուժօգնություն է ստացել Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոնում: «Այնուհետեւ բժիշկները տվել են եզրակացություն, զինծառայողին տուն են տարել եւ օրեր անց մահացել է: Առհասարակ, երբ չարորակ ուռուցքը հաստատվում է, սկսվում է զորացրման գործընթաց: Զորակոչվելիս նրա մոտ հիվանդությունը չի հայտնաբերվել, եթե այն հայտնաբերման ենթակա լիներ, ապա որեևէ կերպ կազդեր երիտասարդի առողջական վիճակի վրա մինչ զորակոչվելը, օրինակ՝ կնիհարեր, կհյուծվեր»,-ասաց մամուլի խոսնակը: Նշենք, որ Խդր Սարոյանը այս տարվա հունվարի 12-ին էր զորակոչվել բանակ, երդման արարողությունից հետո բարձր ջերմություն է ունեցել, երկար ժամանակ հոսպիտալներում է անցկացրել: Գյուղապետի խոսքով՝ մինչեւ զորակոչվելը ոչ ոք չի իմացել նրա հիվանդության մասին: