Շանթ Հարությունյանի գործով, ամենայն հավանականությամբ, կդիմեն ՄԻԵԴ
Общество«Ցեղակրոն» կուսակցության նախագահ, 6 ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանի գործով, ամենայն հավանականությամբ, կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբանը՝ Ինեսսա Պետրոսյանը:
Նա նշեց, որ Վճռաբեկ դատարանը ստանդարտ պատճառաբանությամբ մերժել էր բողոքը, այժմ Շանթ Հարությունյանի հետ կքննարկեն ՄԻԵԴ դիմելու հարցը եւ ամենայն հավանականությամբ կդիմեն: Փաստաբանը նշեց նաեւ,որ արդեն վճիռը մտել է ուժի մեջ, եւ պետք է Շանթ Հարությունյանին տեղափոխեն պատժի հետագա մասը կրելու համար: Նա այժմ գտնվում է «Վարդաշեն» ՔԿՀ-ի մեկուսարանում, նրան կտեղափոխեն գաղութ:
Նշենք, որ 2014թ-ի հոկտեմբերի 17-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը նոյեմբերի 5-ի գործով ամբաստանյալներին դատապարտեց 1-7 տարվա ազատազրկման, Միսակ Առաքելյանի նկատմամբ տուգանք նշանակեց:
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը Շանթ Հարությունյանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենգսրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով ու դատապարտվեց 6 տարվա ազատազրկման, նրա անչափահաս որդուն՝ 15-ամյա Շահեն Հարությունյանին նույն հոդվածով մեղավոր ճանաչեց եւ դատապարտեց 4 տարվա ազատազրկման՝ պատժի պայմանական չկիրառմամբ։ Նրանց մեղադրում էին 2014թ. նոյեմբերի 5-ին Երեւանում անկարգություններ հրահրելու մեջ:
Այս տարվա փետրվարին Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել առաջին ատյանի որոշումը: Վճռաբեկը բողոքը վարույթ չէր ընդունել:
Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել Ազատության հրապարակից։ Ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել 13 մարդու։